«Մատուցողներն ու ընդհանրապես համալիրի աշխատակիցները պարտավոր են զիջել, ներողամիտ լինել». «Հարսնաքարի» սեփականատեր
«Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվում է գործով վկա Հրաչյա Զոհրաբյանը, ով «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ի տնօրենն է: Նա նշեց, որ ճանաչում է բոլոր ամբաստանյալներին, նրանք ռեստորանային համալիրի աշխատակիցներն են:
«Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ի տնօրենը հայտնեց, որ այդ օրը բազմաթիվ հաճախորդներ կային համալիրում: Մատուցող Դավիթ Ադամյանն իրեն պատմել է, որ երգիչ Դավիթի միջնորդությամբ ռեստորանային համալիր են եկել մի քանի տղաներ՝ մեկ կնոջ հետ:
Քանի որ տղաներից մեկը սպորտային հագուստով է եղել, նրան զգուշացրել են, որ այդ հագուստով ռեստորանային համալիր չի կարելի մուտք գործել: Ըստ վկայի` իրեն պատմել են, որ տղաներն «այդքան էլ լավ չեն ընդունել այդ հանգամանքը, հայհոյել են ու ասել, որ 12-ից հինգ պակաս էլ լինի, գալու են»: Հետո ինքն իմացել է, որ տղաները ետ են վերադարձել: Մենեջերը փոխել է մատուցողին, քանի որ վերջինս ասել է, որ իրեն հայհոյել են:
Գործով տուժողներն, ըստ վկայի, վերադառնալուց հետո պահանջել են, որ իրենց սպասարկի Դավիթ Ադամյանը: Ըստ նրա՝ տուժողներն իրենց վատ են պահել, հայհոյանքներ են տվել: Մատուցողին նրանք հրավիրել են դուրս, դրսում վիճաբանություն է առաջացել, տուժողներից մեկը հարվածել է մատուցողին: Դրանից հետո, ըստ վկայի, վիճաբանություն է սկսվել նրանց միջև: Մեղադրյալ Նորայր Հայրապետյանը հետագայում վկա Զոհրաբյանին պատմել է, որ ինքը փորձել է հանդարտեցնել վիճակը, սակայն տուժողներից մեկը հայհոյել է իրեն, ինքն էլ ապտակել է նրան: Ըստ վկա Զոհրաբյանի՝ մեղադրյալներն իրեն պատմել են, որ վիճաբանությունից հետո տղաները գնացել են:
Մեղադրող Արթուր Դավթյանի հարցին՝ ինչո՞ւ է վկան համոզված, որ տուժող կողմը հայհոյել է, Հրաչյա Զոհրաբյանը պատասխանեց, որ մենեջերն այլ դեպքում չէր փոխի մատուցողին: Նա նաև ասաց, որ մատուցողներն ու ընդհանրապես համալիրի աշխատակիցները պարտավոր են զիջել, ներողամիտ լինել:
Ըստ վկայի՝ որքան ինքը ճանաչում է մատուցող Դավիթ Ադամյանին, նա ագրեսիվ վարքագիծ չունի, և ինքը չգիտի՝ ի՞նչ պետք է նրան ասեին, ինչպե՞ս պետք է նրա հետ վարվեին, որ նա այդպիսի վարքագիծ դրսևորեր:
Հրաչյա Զոհրաբյանը նաև ասաց, որ դեպքն իրեն ներկայացրել են որպես թեթև միջադեպ, և ինքը չի պատկերացրել, որ այն նման հետևանքներ կարող էր ունենալ: Վկան նաև նշեց, որ ներքին պայմանավորվածություն կա, որ սպորտային համազգեստով համալիր մուտք գործել չի կարելի: