Լրագրողները դիմել են Հովիկ Աբրահամյանին՝ հորդորելով նրան «կարգի բերել» Մհեր Սեդրակյանին

ԱԺ-ում հավատարմագրված մի խումբ լրագրողներն այսօր նամակով դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքի վերաբերյալ: Նամակում ասված է.

«Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ» (ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է):

Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն:

Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»:

Հավելենք, որ կատարվածի վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել նաև Մհեր Սեդրակյանը՝ ասելով, թե ինքը ոչ թե սպառնացել է լրագրողին, այլ՝ զայրացել է նրա վրա:

Տեսանյութեր

Լրահոս