Չե՞ս ուզում՝ մի՛ աշխատիր
Մեր տեղեկություններով՝ «Սթար» առևտրային ցանցը ֆինանսական խնդիրների պատճառով շուտով կրկին վերավաճառվելու է: Ընդ որում, ըստ նույն տեղեկությունների՝ այն գնելու ցանկություն ունի գործող սուպերմարկետների ցանցերից մեկի սեփականատերը, ում անունը դեռևս հայտնի չէ:
Օրերս քաղաքացիները 168.am-ի խմբագրություն էին դիմել՝ ահազանգելով, որ «Սթար» սուպերմարկետների ցանցն իր բոլոր աշխատակիցներին՝ վաճառողներից մինչև հասարակ բանվոր, մի քանի ամսվա աշխատավարձը վճարելու է 50 տոկոսով, իսկ մյուս 50 տոկոսի փոխարեն՝ տրամադրվելու են «Սթար» քարտեր: Եվ, որ այդ քարտերով աշխատակիցները կարող են գնումներ կատարել միայն «Սթար» առևտրային ցանցից: Ավելին, յուրաքանչյուր քարտով 5000 դրամից պակաս գնումներ չպետք է կատարվեն, կարող են գնել բացառապես սնունդ. չես ուզում՝ մի՛ աշխատիր սկզբունքով:
Տեղեկատվությունը ճշտելու համար 168.am-ը զրուցեց առևտրային ցանցի մի քանի աշխատակիցների հետ: Նրանցից մեկը նշեց, որ նման տեղեկություններ իրեն հայտնի չեն, և ինքն իր աշխատավարձն ամբողջությամբ ստացել է գումարի տեսքով: Աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ որքան ինքը տեղյակ է՝ դրանք վաուչերներ են, աշխատավարձի 20 տոկոսի դիմաց է «Սթար» քարտ տրամադրվում: Աշխատակիցը նաև ասաց, որ որքան իրեն հայտնի է, այդ քարտով կարող են գնել ցանկացած ապրանք՝ ըստ ցանկության: Քաղաքացիերից մեկն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ սուպերմարկետի աշխատակիցներին տրամադրվում են վաուչերներ. «Սկսվում է 5000 դրամից, բոլոր ցանկացողները կարող են գնել և նվիրել իրենց հարազատներին, բայց պայմանն այնպիսին է, որ միայն «Սթարից» կարող են գնումներ կատարել: Իսկ խանութում աշխատողներին ասել են, որ դեկտեմբերի 25-ից այդ նվեր քարտերից կարող են վերցնել իրենց աշխատավարձի որոշ գումարի դիմաց»:
168.am-ը փորձեց քաղաքացիների կողմից տրված տեղեկությունները ճշտել նաև «Սթար» առևտրային ցանցից: Համապատասխան աշխատակիցն ասաց, որ հաշվի առնելով նախատոնական աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկը՝ մեր գրավոր հարցերին կպատասխանեն առաջիկայում:
Ի դեպ, ավելացնենք, որ, որպես կանոն, երևանյան սուպերմարկետների աշխատակիցները վախենում են որևէ հարցի պատասխանել: