Համացանցում տեղադրված ոչ մի ինֆորմացիա չի ջնջվում, այն պահվում է պատմության տեսքով. փորձագետ
«Ցանկացած սոցիալական ցանցից՝ լինի դա YouTube-ը, Facebook-ըկամ odnoklassniki-ը, որևէ ինֆորմացիա չի ջնջվում, այլ պահվում է և պատմություն ունի»,- մեկնաբանելով youtube-ից հեռացված ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտնի ձայնագրությունը, 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինֆորմացիոն անվտանգության փորձագետ, կիբեռ անվտանգության ոլորտում մասնագիտացված ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ կազմակերպության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը:
Ըստ նրա՝ օգտատիրոջ ոչ մի տվյալ չի ջնջվում իրականում ու նրա ցանկացած գործողություն կամ տվյալների փոփոխություն համակարգում պահվում է պատմության տեսքով: Այդ ամենը շատ նման է Facebook-ի նոր timeline-ի տեսքին:
«Տվյալները ոչ մի դեպքում չեն հեռացվում տվյալների բազայից, և կարող են տրամադրվել այս կամ այն պետական կառույցին պաշտոնական հարցման դեպքում»,- վստահեցրեց Ս. Գևորգյանը:
Նրա խոսքով՝ որևէ ֆայլ համակարգից հեռացնելու դեպքում ֆայլը շատ անգամ ֆիզիկապես հեռացվում է, սակայն դնրա մասին պահվում է փոփոխության պատմություն, ու ըստ այդմ՝ կարող են հանգիստ տեսնել տեսանյութի թե’ ավելացման ամսաթիվը, թե’ հեռացման ամսաթիվը: