Բաժիններ՝

Ժորժիկի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերքի պահեստ

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով  հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Սաքրեն» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի նկատմամբ:

Օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների և հաշվարկների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով նա փորձել է խուսափել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 29 միլիոն դրամի հարկերի վճարումից: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Գոլդ-Էներջի» ՍՊԸ հիմնադիր և նախկին տնօրեն Ժորժիկ Բաղումյանը համաձայնության գալով «Սաքրեն»-ի տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ` գործարքի ընդհանուր գումարի 6 տոկոսի դիմաց, 2009թ. փետրվար-օգոստոս ժամանակահատվածում, առանց փաստացի ապրանքներ ստանալու, ձեռք է բերել ավելի քան 90 միլիոն դրամի կեղծ, անապրանք հաշիվ-ապրանքագրեր, որոնք էլ նա հետագայում օգտագործել է որպես ծախսեր հիմնավորող իրական փաստաթուղթ:

Ավելին, 2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելով, չարամտորեն խուսափել է  առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30 միլիոն դրամի հարկերը պետբյուջե վճարելուց: Հետագայում, քրեական գործի նախաքննության հանգամանքների բազմակողմանի հետազոտման նպատակով, հոկտեմբերին Ժորժիկ Բաղումյանին պատկանող Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 40-րդ տանը  խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «Գոլդ-Էներջի» ընկերության կողմից թաքցված հարկերի փաստը հաստատող բոլոր փաստաթղթերը:

Խուզարկության ընթացքում տանտիրոջ չհրկիզվող պահարաններից հայտնաբերվել և առգրավել են նաև վերջինիս կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող հրազեն հանդիսացող մեկական` «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ-8» մոդելի որսորդական-սպորտային հրացան, ինքնաշեն ատրճանակ, «ԻԺ-43» տեսակի երկփողանի 12մմ տրամաչափի որսորդական հրացան և ռազմամթերք հանդիսացող 72 հատ 9մմ տրամաչափի մարտական փամփուշտներ ու 10 հատ 5.6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ: Դեպքի առթիվ Ժորժիկ Բաղումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ու որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաև

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս