.am տիրույթում գրանցված 21 հազար դոմենային անուն կա
.am տիրույթում ներկայումս գրանցված է 21 հազար դոմենային անուն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ նշելով, որ ինտերնետ օգտագործողների թվի ավելացմանը զուգահեռ՝ .am տիրույթում ավելանում է նաև կայքերի թիվը:
Ըստ Գ. Սաղյանի՝ կայքերի ավելացման աճի տեմպերը մեր երկրում դեռևս բավական դանդաղ են, ինչը պայմանավորված է նրանով, որ բիզնես միջավայրն ու հանրությունը դեռևս լավ չեն պատկերացնում կայք ունենալու անհրաժեշտությունը: «Օրինակ՝ Լատվիան, որը մեր երկրի չափ երկիր է, ունի 100 հազար դոմենային անուն, իսկ Էստոնիան, որն ավելի փոքր երկիր է, ունի մոտ 200 հազար դոմենային անուն իր տիրույթում»,- ասաց Գ. Սաղյանը՝ ավելացնելով, սակայն, որ մեր դոմենային տիրույթը հարևան երկրների հետ համեմատած՝ շատ լավ վիճակում է գտնվում:
Ըստ Գ. Սաղյանի՝ Վրաստանն ու Ադրբեջանը՝ յուրաքանչյուրն իր ազգային տիրույթում, ունի շուրջ 10 հազար դոմենային անուն: «Մենք նրանցից շուրջ երկու անգամ ավելի շատ կայք ունենք, բայց եթե բնակչության հետ համեմատենք, ապա մեզ մոտ վիճակը բավական բարվոք է»,- ասաց Գ. Սաղյանը:
Ներկայումս Հայաստանում .am տիրույթում դոմենների գրանցումը տարեկան արժե 12.000 դրամ (մոտ 33 դոլար): Այս գինը, սակայն, այլ դոմենների գրանցման համեմատ դեռևս բարձր է։ Օրինակ` .com կամ .info դոմեններում ինտերնետային հասցե (դոմեն) գրանցելն արժե մոտ 10 դոլար:
Նշենք, որ 1993թ. Հայաստանն առաջին անգամ մասնակցեց համաշխարհային ինտերնետ ֆորումի, որտեղ ձեռք բերեց .am դոմենային անունը հայկական կայքերի կամ հայկական բովանդակություն ունեցող արտասահմանյան կայքերի համար:
«Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանի 168.am-ի հետ զրույցը՝ ինտերնետ գրաքննության, առաջիկա ընտրությունների հետ պայմանավորված հնարավոր հաքերային հարձակումների և այլ հարցերի մասին, կարող եք կարդալ առաջիկայում: