Չեն շտապում նաև դիտորդները

Չնայած արդեն 10-րդ օրն է, ինչ ԿԸՀ-ն սկսել է դիտորդական առաքելություն իրականացնող  կազմակերպությունների  հավատարմագրումը, սակայն դեռևս որևէ դիմում չի ստացվել:

«Այս պահի դրությամբ ոչ միջազգային, ոչ տեղական դիտորդները  հավատարմագրման դիմում չեն ներկայացրել: Օրենքով սահմանված  ժամկետները պահպանվում են»,- 168.am-ին ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Համաձայն ԸՕ-ի 30-րդ հոդվածի, դիտորդների հավատարմագրումը կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարվում է ընտրության նշանակվելու օրվանից, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ: Այսինքն` մինչև 2013թ. փետրվարի 8-ը, ժամը 18:00-ն դիտորդական կազմակերպությունները կարող են դիմում ներկայացնել:

Հիշեցնենք, որ 2008թ. նախագահի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրել են 39 տեղական և 6 միջազգային կազմակերպություններ:

Ըստ ԿԸՀ սահմանված ժամանակացույցի, այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ հեռուստառադիոընկերությունները պետք է հրապարակեն վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագինը:

ԿԸՀ մամուլի քարտուղարը նշեց, որ հեռուստառադիոընկերությունների ցանկը ԿԸՀ է ներկայացնում ՀՌԱՀ-ը` սահմանված սակագներով, և ժամը 18:00-ից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում կհրապարակի ստացված տեղեկությունները:

Տեսանյութեր

Լրահոս