Բաժիններ՝

Ի՞նչ արժե տոնական տրամադրությունը

Տոնածառերի վաճառքը սկսվում է հիմնականում դեկտեմբերի 20-ին: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ամանորյա զարդարանքներ, տոնածառեր առաջարկող վաճառականները: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքն ու մարդկանց բնակարաններն արդեն ինչ-որ չափով տոնական տեսքի են բերվել, տոնածառեր և փայլփլուն զարդարանքներ վաճառողները համոզված են, որ իրենց առևտուրը կսկսվի դեկտեմբերի 20-ից հետո:

«Հիմա տոնածառեր այնքան էլ շատ չեն գնում: Հիմնականում վերջին օրերին են գնում: Դա միշտ էլ այդպես է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց «Ռոսիա» տոնավաճառում տոնածառերի վաճառքով զբաղվող Վարդան պապիկը:

Մենք այցելեցինք տոնավաճառներ և ամանորյա խաղալիքներ վաճառող խանութներ՝ պարզելու համար, թե որքան գումար է անհրաժեշտ բնակարաններում տոնական տրամադրություն ապահովելու համար: Վաճառակետերում գներն այսպիսին էին. արհեստական տոնածառերի գները տատանվում էին 3000-170.000 դրամի սահմաններում՝ կախված տոնածառի չափից, խտությունից, որակից:

Բնական տոնածառերի գներն այլ էին, սկսած՝ 40.000 դրամից: Վաճառվում են նաև բնական եղևնիների ճյուղեր, սկսած՝ 3000 դրամից:

Կարդացեք նաև

«Արհեստական տոնածառերից հիմնականում վաճառում ենք մինչև 30.000 դրամանոց տոնածառերը: Ներկրում ենք մեծամասամբ Չինաստանից: Արհեստականի համար ավելի բարձ գին վճարողները քիչ են, իսկ բնականի գնորդն այլ է, նրանք գրպանների առավել մեծ պարունակություն ունեն և կարողանում են իրենց շքեղություններ թույլ տալ»,- մեզ հետ զրույցում ասաց ամանորյա զարդարանքներ, տոնածառեր վաճառող Արաքսյա Բաղդասարյանը:

Նշենք, որ տենածառի խաղալիքների գները սկսվում են 50 դրամից (1 հատը), փայլերի գները սկսվում են 500 դրամից, լույսերինը՝ սկսած 600 դրամից, տոնական պոստերներն ու օրացույցները՝ 200 դրամից:

Այսպիսով, քաղաքացին իր բնակարանն ամանորյա տեսքի բերելու համար կծախսի միջինը 50.000 դրամ, եթե գնի մոտ 2մ բարձրության տոնածառ՝ 30-35.000 դրամ արժողությամբ, խաղալիքներ, լույսեր և փայլեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս