Մեր խոսակցությունը ևս այս պահին ձայնագրվում է. Գուրգեն Եղիազարյան
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի աղմկահարույց ձայնագրությունը, որպեսզի չօգնի նրանց, ովքեր իրականացրել են այս ձայանագրությունը:
«Ես միտում չունեմ նման մարդկանց օգնել: Կատարվել է այլանդակություն՝ մարդկանց գաղտնի ձայնագրել են՝ խախտելով նրանց սահմանադրական իրավունքը: Իսկ բովանդակություն առումով, եթե ես իմ կարծիքը հայտնեմ, օգտակար կլինեմ ձայնագրողներին»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ այդ ձայնագրության հեղինակներն այսօրվա իշխանություններն են:
ՀԱԿ անդամը վստահ է, որ այս դեպքը բացառիկ չէ, քանի որ ցանկացած ընդդիմադիր գործիչ Հայաստանում հետապնդվում է. «Ցանկացած ընդդիմադիր գործչի Հայաստանում 24 ժամ հետապնդում են: Միայն իմ հեռախոսի լսումներն անվտանգության ծառայությունում այսօր հատորներով դրված են: Ավելի քան վստահ եմ, որ բոլոր ընդդիմադիր գործիչների հեռախոսներն այսօր ձայնալսում են: Այս երկրում ամեն ինչ հնարավոր է: Իրենց գործը թողած՝ ընդդիմադիր գործիչներին են լսում: Մտածում եք՝ սիբիրախտը պատահակա՞ն է Հայաստանում հայտնվել: Այդ որտեղի՞ց հայտնվեց: Եթե իշխանությունները չգիտեն՝ ինչով զբաղվեն, թող սիբիրախտով զբաղվեն, թե ո՞նց Հայաստանում հանկարծակի առաջացավ այդ սիբիրախտը: Վստահ եմ, որ մեր խոսակցությունը ևս այս պահին ձայնագրվում է»,- ընդգծեց Եղիազարյանը: