Պիտի ծեծեն, հա՞, պատժե՞ն, պետք է մութ անկյունում բռնեն, ասեն՝ հրաժարվե՞ք
Լևոն Զուրաբյանի ագրեսիվ վերբերմունքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր այլ կարծիք ունեն այս կամ այն հարցի շուրջ, շուտվանից է մեզ ծանոթ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանն՝ անդրադառնալով Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի հայտնի ձայնագրությանը:
168.am-ի հարցին՝ արդյոք Լևոն Զուրաբյանից սպասո՞ւմ էիք նման քայլ, Սոս Գիմիշյանը պատասխանեց, որ իր համար Զուրաբյանի արարքը սպասելի էր: «Լևոն Զուրաբյանն անհարդուրժող է բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր այլ կերպ են մտածում: ՀԱԿ-ում ևս կլինեն մարդիկ, որոնց համար այս հանդիպումն ու այդ զրույցը զարմանալի չեն: Ինձ համար ևս զարմանալի չէր: Այս վերաբերմունքը երևի թե գալիս էր քաղխորհրդի նիստեի ժամանակ նրա հետ իմ հարաբերվելուց»,- ասաց Սոս Գիմիշյանը:
Վերջինս հավելեց, որ ՀԱԿ-ում կան քաղաքական գործիչներ, ովքեր, ինչպես ՀԱԿ համակարգողը՝ անհանդուրժող են տարակարծության նկատմամբ. «Զուրաբյանը պետք է թիմ ունենա, որ… մենակ-մենակ ո՞նց պետք է չհանդուրժի: Ես էլ շատ բան չեմ հանդուրժում, բայց քանի որ թիմ չունեմ, շատ հաճախ մնում եմ մենակ»,- նշեց նա: Սոս Գիմիշյանը, սակայն, չմասնավորեցրեց, թե ովքե՞ր են Լևոն Զուրաբյանի թիմում, ովքեր են անհանդուրժող:
ՀԱԿ անդամը, այնուամենայնիվ, գտնում է, որ կարծիքի կամ դիրքորոշման արտահայտմանը խոչընդոտել հնարավոր չէ և լռելն այս դեպքում անընդունելի է.
«Ինչքան ուզում եք ինձ արգելեք կամ թույլ մի տվեք, ես մեկ է՝ իմ կարծիքն ասում եմ: Այլ բան է, արդյունք կտա՞ այն, թե՞ ոչ: Ես անտեսում եմ ամեն ինչ, իմ կարծիքն ասում եմ: Ես հստակ չեմ կարող ասել, բայց բացառաում եմ, որ Լևոն Տեր Պետրոսյանը չիմանա Զուրաբյանի այս քայլերի մասին: Զուրաբյանն այն մարդը չէ, որը պետք է քայլեր անի ՀԱԿ առաջնորդի ցանկություններից կամ ծրագրերից դուրս»:
Գիմիշյանի խոսքով, եթե այս ձայնագրություննից հետո քայլեր հետևեն, որոնց արդյունքնում փոփոխություններ լինեն, ինքը կմտածի, որ իր քայլերի մասին առաջնորդը չգիտի:
«Ես սպասում եմ, որ փոփոխություններ լինեն: Հակառակ դեպքում՝ ես այլ հետևություններ կանեմ: Փոփոխությունները բացասական կլինեն, չնայած սրանից բացասական էլ ո՞ւր: Բայց ես իմ դրական հույսերը չեմ կորցնում»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի այն արտահայտությանը, թե ՀԱԿ-ում երկու վառ անհատներ են դեմ՝ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, որոնց հանդեպ աշխատանքներ են տարվում, Գիմիշյանը շեշտեց. «Էդ ի՞նչ աշխատանքներ են: Ի՞նչ է՝ պետք է պատժե՞ն: Չեմ կարող անգամ ասել, որ վախենում են. հասուն մարդիկ են, ի՞նչ ունեն կորցնելու: Ի՞նչ պետք է անեն, ինչի՞ց են վախենում. պիտի ծեծեն, հա՞, պատժե՞ն: «Աշխատանք» ասելով՝ ի՞նչ նկատի ունեն, պետք է մութ անկյունում բռնեն, ասեն՝ հրաժարվե՞ք: Ես քսանհինգ տարի քաղաքականության մեջ եմ, օրինակ, ինձ ի՞նչ պետք է անեն»:
Մեր հարցին, թե Դուք ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությանը ևս դեմ եք եղել, Ձեզ հակառակում չե՞ն համոզել, Սոս Գիմիշյանը պատասխանեց, որ իրեն համոզել չեն փորձել. «Համոզելու համար պետք է փաստարկներ բերվեն: Դա նորմալ պրոցես է: Ցավալին այն է, որ առանց հիմնավորման փաստարկների արդեն ավելի շատ այլ մեթոդների են դիմում՝ կախված տվյալ անձի սկզբունքայնությունից»: