«Ինձ համար նորություն է, որ Լ․ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու». Պարույր Հայրիկյան
«Գաղտնալսումը և դրա հրապարակումը պատիվ չի բերում որևէ լրատվամիջոցի և անձի։ Լսել եմ այդ նյութի մասին, բայց չեմ ծանոթացել և կաշխատեմ մնալ այս դիրքերում»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով Զուրաբյան-Օսկանյան հայտնի զրույցի մասին` ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Հասկանալի դառնալու համար նշեմ, որ ժամանակին չեմ նայել հայտնի Արշալույսի տեսագրությունը: Այդ պատճառով չեմ կարող որոշակի պատասխաններ տալ ձեր հարցերին»,- ի պատասխան հարցին` ի՞նչ կարծիք ունի զրույցի հրապարակման մասին` նշեց Հայրիկյանը:
Իսկ հարցին` այդ զրույցի հրապարակումը որքանո՞վ է վարկաբեկում ՀԱԿ-ին, և, ըստ նրա, այդ միջադեպը որքանո՞վ կփոխի հասարակության վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ, Պարույր Հայրիկյանը պատասխանեց.
«Սխալ է ընդդիմության մի թևի մասին խոսելիս բոլորին նկատի ունենալ։ Ի տարբերություն իշխանության` ընդդիմությունը բազմաբևեռ է։ Ընդհանրապես ամեն բացթողում կարող է իր բացասական ներգործությունն ունենալ»:
Մենք նաև հետաքրքրվեցինք` այս հրապարակումը կարո՞ղ է հիմք դառնալ` ստիպելու Լևոն Տեր-Պետրոսյանին փոխելու իր դիրքորոշումը և առաջադրելու իր թեկնածությունը, եթե նաև հաշվի առնենք վերջին շրջանում մամուլում հայտնված տեղեկությունները, որ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ առաջադրվելու: Ի պատասխան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասաց.
«Ինձ համար նորություն է, որ Լ․ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու»: