«Հարսնաքարի» գործով տուժողը նշում է, որ ամբաստանյալներից որևէ մեկն իրեն չի հարվածել

«Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում այսօր դատարանը հրապարակեց տուժող Արկադի Աղաջանյանի նախաքննական ցուցմունքները՝ կապված մեղադրյալ Գարիկ Մարգարյանի հետ` հաշվի առնելով, որ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան հակասություններ:

Նախաքննության ընթացքում տուժողը նշել էր, որ ինքը լսել է, թե ինչպես է մատուցող Դավիթ Ադամյանը Վահե Ավետյանին հարցնում`«կայֆավա՞տ» ես լինում: Դատաքննության ընթացքում գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան հարցին՝ նման բան լսել է, թե ոչ, տուժողը պատասխանել է, որ չի լսել: Դատական նիստի ընթացքում տուժող Արկադ Աղաջանյանը նշեց, որ մանրամասն չի կարող հիշել դեպքը և չի կարող հիշել նման արտահայտություն եղե՞լ է, թե՞ ոչ:

Նախաքննության ընթացքում տուժողը նաև նշել է, որ գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանն իրենց ծեծի ենթարկողների մեջ է եղել, ոտքերով ու ձեռքերով հարվածել է իրեն ու իր ընկերներին: Դատաքննության ընթացում, սակայն, Արկադի Աղաջանյանը նշել է, որ գործով ամբաստանյալներից ոչ ոք իրեն չի հարվածել:

Այս ամենը Արկադի Աղաջանյանը բացատրեց նրանով, որ իր նախաքննական ցուցմունքում ինքը նկարագրել էր ընդհանուր երևույթը: Տուժողը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ամբասանյալներից որևէ մեկն իրեն չի հարվածել: Հարցին`արդյոք նախաքննության ընթացքում որևէ մեկն ուղղորդե՞լ է իրեն տալ անձանց անուններ, ովքեր եղել են իրենց հարվածողների մեջ, Արկադի Աղաջանյանը պատասխանեց, որ նման բան չի եղել:

Կարդացեք նաև

Պաշտպան Մարինե Թովմասյանի հարցին՝ եթե դեպքի օրը տուժողը գինովցած լիներ, այդ մասին կհայտնե՞ր դատարանին, Աղաջանյանը պատասխանեց, որ կհայտներ: Դատարանում այժմ հայտարարված է ընդմիջում, որից հետո կհրապարակվեն տուժող Արկադի Աղաջանյանի նախաքննական ցուցմունքները՝ կապված մյուս ամբաստանյալների հետ:

Տեսանյութեր

Լրահոս