«Սարդարապատի թանգարանում գտա գոմշապահի հագուստը». Սիրուշո (լուսանկարներ)
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել իր նոր՝ «PreGomesh» երգի կապակցությամբ.
«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ!!! Ուրախ եմ, որ այս աշխատանքս ոչ մեկին անտարբեր չթողեց, դա լավագույն գնահատականն է: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ընկալեցին բոլոր մտահղացումներս և կիսեցին գաղափարներս! Շատ մեծ նվիրումով եմ արել այս աշխատանքը, և ձեր դրական խոսքերն ինձ անսահման հուզեցին!!»,- գրել է նա:
Սիրուշոն շնորհակալություն է հայտնել նաև ողջ ստեղծագործական խմբին. «Ինձ շատ հարազատ դարձած մարդիկ, ում հետ միասին մեր առջև դնում ենք անհնարին թվացող խնդիրներ և այդ խնդիրների լուծման ճանապարհն անցնում ենք պատրաստակամ, միասին և իրար հանդեպ մեծ հարգանքով ու նվիրումով: Ավետ Բարսեղյան, Արևիկ Ուդումյան, Ժոր Մելոյան, Սուրեն Թադևոսյան, Կարեն Մելքումյան, Ագա Քանքանյան, Սեդրակ Ղամբարյան, Արկադի Սարկիսյան, Լուսիկ Ագուլեցի, Սվետլանա Պողոսյան, Հասմիկ Ղուլյան, Մերի Ստեփանյան, Գուստավո Սելիս, Ախմադ Կուդաև, Նորայր Գալստյան, Կարեն Գևորգյան, Քրիստինա Հովակիմյան, Գուրգեն Մարգարյան, Աշոտ Սարգսյան… Բոլորին-բոլորին!!!!»:
Սիրուշոն անդրադարձել է նաև տեսահոլովակում իր կրած հագուստներին: Բոլորի հեղինակն ինքն է. «Ստեղծելիս ցանկանում էի զուգահեռներ անցկացնել ժամանակակից նորաձևության և ազգային հագուստի մեջ: Ազգայինը հնարավորինս գրագետ ներկայացնելու համար սկսեցի ուսումնասիրել տարազը: Առաջին հանդիպումը կայացավ շատ հաճելի մի կնոջ հետ` տարազագետ Սվետլանա Պողոսյանի: Իմ անթիվ հարցերով փորձեցի գտնել հետաքրքրող պատասխաններ, նշանակություններ, պատմություն, տարածաշրջանային տարբերություններ, ձեռք բերեցի գրքեր, այցելեցի թանգարաններ:
Սարդարապատի թանգարանում գտա առաջին հագուստիս ոգեշնչման աղբյուրը, որն ուղիղ առնչություն ունի երգիս հետ՝ գոմշապահի հագուստը:
Ինձ հիացրել էր Սուրբ Գևորգ (Մուղնի) եկեղեցու գեղեցկությունը և հասկացա, որ տեսահոլովակս հենց այստեղ պետք է սկսվի. այն իր մեջ մեծ խորհուրդ ունի…»:
Հիշեցնենք, որ վերջերս երգչուհին ներկայացրել էր «Պռեգոմեշ» երգի տեսահոլովակը: Այն համացանցում մեծ քննարկումների առիթ էր հանդիսացել:
Սիրուշոն Facebook-ում նաև ներկայացրել էր տեսահոլովակի նկարահանումների ընթացքից որոշ լուսանկարներ: