Լևոն Զուրաբյանի հայտարարությունը` իր և Վ. Օսկանյանի զրույցի մասին
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, կատարելով քաղաքական հակառակորդներին լրտեսելու և վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանը, ապօրինաբար գաղտնալսել է երկու ԱԺ պատգամավորներ` Վարդան Օսկանյանի եւ իմ մասնավոր զրույցը և ինտերնետում տեղադրել այդ զրույցի ձայնագրությունից կցմցած մի նյութ, որն անմիջապես տարածվել է ռեժիմի շահերը անթաքույց սպասարկող լրատվամիջոցների կողմից:
Այս կապակցությամբ հայտարարում եմ.
1. Ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդներին լրտեսելու այս ճղճիմ արարքը հակասում է Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ժողովրդավարական տարրական նորմերին ու ռեժիմին հերթական անգամ դնում է օրենքից դուրս: Եվ թող չփորձեն խուսափել այս հանցանքի համար պատասխանատվությունից: Եթե հանցագործները անմիջապես չեն բացահայտվում, ուրեմն դա արել են հատուկ ծառայությունները: Այս օրինախախտման պատասխանատուները վաղ թե ուժ ամբողջ խստությամբ պատասխան են կրելու օրենքի առջև: Իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկում եմ դատախազությանը ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին և պահանջում եմ քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման և դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին։
2. Այս փաստը հաստատում է վաղուց արձանագրված այն իրողությունը, որ երկրի հատուկ ծառայությունները, փոխանակ զբաղվեն արտաքին վտանգներից երկրի անվտանգության ապահովման համար խիստ անհրաժեշտ հետախուզական և հակահետախուզական գործունեությամբ, հարկատուների միջոցները և սեփական ջանքերը հիմնականում ապօրինաբար ծառայեցնում են գործող իշխանությունների դիրքերի ամրապնդմանն ու ընդդիմությանը լրտեսելու, վարկաբեկելու և վնասազերծելու նպատակներին:
3. Ռեժիմի կողմից նման բացահայտ ստոր մեթոդներին դիմելու և ներքաղաքական լրտեսությամբ զբաղվելու իրողության հրապարակայնացումը ցույց է տալիս, որ իշխանությունները այնքան վախեցած են նախագահական ընտրություններում հնարավոր մարտահրավերներից, որ դրանք չեզոքացնելու նպատակով պատրաստ են բռնվել անգամ փրփուրներից:
4. ԱԱԾի կողմից պատրաստած և հրապարակված նյութի բովանդակության որեւէ քննարկում կամ մեկնաբանություն համարում եմ բարոյապես եւ քաղաքականապես անընդունելի: Ավելին, դա կլինի ուղղիղ այն, ինչ որ պետք է հատուկ ծառայություններին այս ճղճիմ սադրանքը հաջողելու համար: Ուստի, ռեժիմի հատուկ ծառայությունների կողմից վատագույն գեբիստական ավանդույթներով պատրաստված և հրապարակված այս նյութի բովանդակության որեւէ քննարկում, մեկնաբանություն կամ հաստատում քաղաքական և հասարակական գործիչների կամ լրատվամիջոցների կողմից ուղղակի հավասարազոր է լինելու համագործակցության հատուկ ծառայությունների հետ այս ապօրինի գործունեության մեջ: