
Ո՞վ է այդ ձայնագրության հեղինակը

«Ինձ ամենաշատն իհարկե հետաքրքրում է, թե ո՞վ է այդ ձայնագրության հեղինակը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով այսօր համացանցում մեծ աղմուկ բարձրացրած Լ. Զուրաբյան – Վ. Օսկանյան զրույցի գաղտնի ձայնագրության մասին` ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
«Քանի որ մի քիչ ավելի շատ գիտեմ այդ ձայնագրության մասին, այսինքն` որքան գիտեմ, մի փոքր ավելի երկար է ձայնագրված եղել, հետաքրքիր է` ո՞վ է դա արել: Այսինքն` երկու մարդ հանդիպել, խոսել են, և ձայնագրությունը հայտնվել է youtube-ում: Իսկ երկրորդը` հասկանալի է` վարկաբեկման փորձ է. կարծում եմ` երկուսին էլ փորձում են վարկաբեկել, բայց երևի ավելի շատ ՀԱԿ-ի ներկայացուցչին, որովհետև, ամենայն հավանականությամբ, այնտեղ խնդիրներ կան առաջադրվելու հետ կապված»:
Հ.Գ. Երբ մենք նշեցինք, որ Ֆեյսբուքում ձայնագրության հետ կապված որոշ քաղաքացիներ, կիսվելով իրենց տպավորություններով, նույնիսկ գրել էին, թե ձայնագրությունը կարծես հարցազրույց լինի, այսինքն` Օսկանյանը կարծես հարցաքննում է Զուրաբյանին և հարցրինք, թե արդյոք պարոն Կարապետյանի մոտ նույնպե՞ս այդպիսի տպավորություն է ստեղծվել, ի պատասխան` Արամ Կարապետյանը սկսեց քահ-քահ ծիծաղել` ասելով.
«առանց մեկնաբանությունների….»