««Կարմիր գրքի» մեծությունն արդեն իսկ պետք է սարսափ առաջացնի». Գոհար Օգանեզովա

Համաձայն «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության բույսերի «Կարմիր գիրքը» միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում տեղեկություններ են գրանցվում բուսական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին: Հայաստանի Հանրապետության բույսերի «Կարմիր գրքի» նոր հրատարակության մեջ գրանցված են 452 տեսակ բույսեր և 40 տեսակ սնկեր:

«Չի կարելի համեմատել հին և նոր «Կարմիր գրքերը», քանի որ դրանք տարբեր չափորոշիչների վրա են հիմնված: Երկրորդ հրատարակչությունը կազմված է այլ կանոնների համաձայն: Եթե նախորդ «Կարմիր գիրքը» հիմնականում ծաղկավորների և մերկասերների համար էր, ապա նոր «Կարմիր գրքում» ներառված են նաև սնկերը և ցածրադիր շատ ուրիշ բույսեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան:

Մեր այն հարցին, թե բույսերի և սնկերի ո՞ր տեսակներն են գտնվում անհետացման վտանգի եզրին, տիկին Օգանեզովան պատասխանեց. «Անհետացման վտանգի եզրին կանգնած բույսեր չկան, միայն սնկերից է մի տեսակն անհետացման եզրին: Իսկ բույսերից 143-ը գտնվում են կրիտիկական վիճակում, 249-ը` վտանգված են, իսկ 60-ը` խոցելի են: Կարմիր գրքային տեսակների շատացման պատճառը մարդու գործունեությունն է, ինչ-որ չափով՝ նաև կլիմայի փոփոխությունը: Մարդը, երբ անտառներ, դաշտավայրեր է հատում՝ քայքայում է բնական լանդշաֆտները»:

Նշենք, որ բույսերի և սնկերի` «Կարմիր գրքում» ներառելու որոշումը հիմնվում է գիտնականների տվյալների՝ դիտումների և ուսումնասիրությունների վրա: Բոլոր տեսակների վիճակի գնահատումն ու դրանց կատեգորիաների որոշումը կատարվում է  միջազգայնորեն ընդունված չափորոշիչների համաձայն:

Այն հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն «Կարմիր գրքում» ներառված տեսակների թիվը նվազեցնելու համար, Կենսաբանական գիտությունների դոկտորը պատասխանեց, որ մի շարք երկրներում վտանգված տեսակների մի մասն արգելոցներում է պահվում, մի մասն էլ փորձ է արվում պահպանել բուսաբանական այգիներում, որպեսզի հետագայում բնական վայր վերադարձվեն. «Մեզանում կան արգելոցներ, բայց չեմ կարծում, որ աշխատանքը կարելի է բավարար գնահատել:

«Կարմիր գրքի» մեծությունն արդեն իսկ պետք է սարսափ առաջացնի: Գրքի չափսերը վկայում են այն մասին, որ մեզ մոտ` Հայաստանում, կենսաբազմազանության, լանդշաֆտային բազմազանության պահպանման հետ կապված անբավարար վիճակ է»:

Տեսանյութեր

Լրահոս