Բաժիններ՝

Հայկական գյուրզա օձի ենթատեսակի թույնը կարող է բուժել քաղցկեղի որոշ տեսակներ

Ընդհանրապես օձի թույնը յուրահատուկ պրոդուկտ է: Այն պարունակում է բազմաթիվ և բազմատեսակ սպիտակուցներ: Օձերի բնակության աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ թույները տարբեր են լինում:

Օրինակ, հայկական գյուրզա օձի ենթատեսակի թույնը կարող է նաև շատ օգտակար և բուժիչ ազդեցություն ունենալ: Այս ուղղությամբ ուսումնասիրությունները սկսել են գերմանացի գիտնականները, իսկ ներկայումս այդ ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակում է Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը:

«Օնկոլոգիական շատ ագրեսիվ հիվանդություններ, ինչպիսին են, օրինակ, մաշկի մելանոման (քաղցկեղը), արգանդի քաղցկեղը և այլ հիվանդություններ, կարելի է բուժել հայկական գյուրզա օձի ենթատեսակի թույնի մեջ առկա խիստ սպեցիֆիկ նյութով, որը կոչվում է օբտուստատին: Այն ծանր մոլեկուլային սպիտակուց է և կարող է շատ բուժիչ ազդեցություն ունենալ նշյալ հիվանդությունների ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը:

Նրա խոսքով՝ համապատասխան մոտեցման դեպքում այդ բնական պրոդուկտը, որը մենք ունենք, կարող ենք արտադրել և լայնորեն կիրառել բժշկության մեջ: «Դա մեր տարածաշրջանի հարստությունն է, որն այլ տեղ չենք կարող գտնել, քանի որ մեր տարածաշրջանին բնորոշ օձերի թույնը խիստ յուրահատուկ է: Հայկական գյուրզա օձի ենթատեսակի թույնը՝ որպես բնական պրոդուկտ, մենք կարող ենք անջատել և սինթեզել»,- ասաց Ն. Այվազյանը:

Կարդացեք նաև

Ըստ մասնագետի՝ օրինակ, Ասիայում կամ Եվրոպայում ապրող գյուրզան չունի իր մեջ օբտուստատին նյութը, որը 41 ամինաթթուներից բաղկացած շղթա է: Մինչդեռ հայկական գյուրզան ունի յուրահատուկ սպիտակուցային նյութերի խումբ, որը կանխարգելում է շատ ագրեսիվ զարգացող ուռուցքների աճը:

Ն. Այվազյանի խոսքով՝ ներկայումս իրենք աշխատում են օձի թույնի դեղորայքային հնարավորությունների ուղղությամբ՝ փորձելով դրա համար ֆինանսական այլընտրանքային աղբյուրներ գտնել. մասնակցել արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերի, որը հնարավորություն կտա՝ թույնից այդ օգտակար նյութի անջատման և սինթեզման աշխատանքներն իրականացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս