Արամ Օրբելյան. «Նպատակ կա հասնել 0 տոկոս կոռուպցիայի»
ՀՀ արդարադատության նախարարության մաս կազմող պետռեգիստրի համակարգում ընկերությունների էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրմամբ կոռուպցիոն ռիսկերը նվազել են հարյուրապատիկ կամ հազարապատիկ չափով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: Ըստ նրա, համակարգում կոռուպցիոն իրավիճակի գնահատմամբ, կոռուպցիան 1-2 տոկոս է կազմում, ինչը նաև աշխարհի մակարդակով համարվում է շատ ցածր ցուցանիշ, այդուհանդերձ նպատակ կա հասնել 0 տոկոս կոռուպցիայի:
Փոխնախարարն ընդգծեց, որ աշխատանքներ են տարվում՝ արմատավորելու ընկալումը, որ ընկերության գրանցման դիմաց «կոնֆետից մինչև փող» անընդունելի է, իսկ այսպես ասած «թաքնված» կոռուպցիայի դեմ պայքարի միջոցը ուսուցումն է, ինչը և պարբերաբար արվում է սպասարկող անձնակազմի համար: Միաժամանակ, ըստ Ա. Օրբելյանի, բնակչության շրջանում անհրաժեշտ է արմատավորել այն ընկալումը, որ շնորհակալության միակ ձևն ընտրությունների ժամանակ ընտրություն կատարելն է՝ կախված նրանից, գո՞հ են, թե դժգոհ այս կամ այն քաղաքական ուժից:
Փոխնախարարն ընդունեց, որ էլեկտրոնային ստորագրությամբ ընկերությունների գրանցման առցանց միջոցը որոշակի առաջնային վախ է առաջացնում մարդկանց մեջ, որն ինչ- որ ժամանակ անց կնահանջի: ՀՀ ԱՆ պաշտոնյան վստահ է, որ ֆեյսբուքյան սերնդի մարդկանց մեծ մասը կնախընտրի էլեկտրոնային տարբերակը: Ասվածի վկայությունն է այն, որ երկու օր առաջ եղել են ամբողջությամբ՝ էլեկտրոնային ստորագրութամբ, առցանց գրանցման դեպքեր:
«Նպատակներից մեկը, որ մենք հետապնդում ենք, թղթից հրաժարվելն է՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով հաստատված փաստաթղթերով: Դրա համար առցանց հնարավորություն տրվեց բոլոր պետական մարմիններին ընկերությունների մասին տեղեկություններ ստանալ՝ գրանցման համարը, վկայականը, քաղվածքի պատճենը, կանոնադրության պատճենը, թվայնացվում են բոլոր թղթային կանոնադրությունները»,- ասաց Արամ Օրբելյանը:
Փոխնախարարը ներկայացրեց պետռեգիստրի համակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումների անցած, ընթացող ու կայանալիք փուլերը: Ըստ այդմ, 2011թ. ապրիլին թողարկվեց էլեկտրոնային գրանցման մեկ պատուհանը, որը հնարավորություն տվեց ընկերության գրանցումը կենտրոնացնել մեկ գրասենյակում, ինչպես նաև իրականացնել հարկային հաշվառում, ստանալ սոցիալական ապահովագրի կոդը: Նույն թվականի ապրիլից հետո մեկ մեծ օրենսդրական փոփոխությունն ամրագրեց ու ամբողջականացրեց էլեկտրոնային ռեգիստրի մեկ պատուհանի սկզբունքը՝ էլեկտրոնային ռեգիստրի և էլեկտրոնային գրանցումների համար իրավական հիմքի ստեղծմամբ: Երկրորդ բարեփոխումն առնչվում էր կնիքներին՝ չարգելելով կնիքի օգտագործումը, այն դադարեց լինել որպես ցանկալի պարտադիր պայման՝ կնիք ստանալու պրոցեսը հեշտացված է և դրանով իսկ իմաստազուրկ է դարձել կնիքն ինքնին՝ որպես պաշտպանիչ գործիք:
Մինչև 2012թ. վերջը 2013թ. սկիզբը կփորձարկվեն ու կթողարկվեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փոփոխությունները: Նույն փաթեթի հետ կթողարկվի ոչ ստանդարտ կանոնադրությունները նույնպես արագ ընթացակարգով գրանցելու գործընթացը: Դա, փոխնախարարի պարզաբանմամբ, դեռևս նախկինում կատարված փոփոխությունների տրամաբանական շարունակությունն է, համաձայն որոնց՝ պետռեգիստրի աշխատողները չեն ստուգում առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների համապատասխանությունը օրենքին, այլ ստուգում են գրանցման համար անհրաժեշտ տեղեկությունների ներկայացված լինելը:
Քննարկվում է և շուտով ավարտին կհասցվի նախագիծն, ըստ որի՝ «բանկերը, հետագայում գուցե հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ նույնպես, կմիանան մեր համակարգին՝ իրենց ցանցով, ընկերության գրանցման համարը գրանցելու դեպքում կստանան ընկերության մասին ամբողջական տեղեկություն»:
Հետագայում քայլեր կարվեն՝ պարզեցնելու հասարակական կազմակերպությունների գրանցման գործընթացը՝ դա ներկայումս կատարվում է բացառապես Երևանում, տեխնիկական լուծումները գտնելուց հետո հնարավորություն կտրվի աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի, ցանկացած կետից էլեկտրոնային ստորագրության միջոցով դա իրականացնել: Ըստ Արամ Օրբելյանի, առցանց գրանցումը Հայաստանի ցանկացած գրասենյակից՝ կախված մի շարք տեխնիկական հանգամանքներից, հասանելի կլինի մինչև 2013թ. գարնան կեսերը:
Փոխնախարարն ընդգծեց, որ մարզերում, որտեղ բնակչության 95-96 տոկոսին ինտերնետը ֆիզիկապես հասանելի է, այլընտրանքային հնարավորություն է տրվում ընկերությունների գրանցումն իրականացնել նաև ինտերնետով: Փոխնախարարը չբացառեց, որ ավելի ուշ՝ համակարգի կայացման պարագայում, միգուցե պարտադիր պահանջ կլինի ինտերնետով գրանցումը: Դրա համար ըստ ամենայնի կօգտագործվեն տեղերում դպրոցների ինտերնետային լսարանների, ինտերնետ սրճարանների կամ ակումբների, պետռեգիստրի տեղական գրասենյակների հնարավորությունները:
«Անպայման կգործի թեժ գիծը, որը հնարավորություն կտա ցանկացած տեխնիկական, իրավական կամ այլ խնդրի դեպքում դիմել և ստանալ աջակցություն»,- ասաց Արամ Օրբելյանը:
Արդարադատության փոխնախարարը հայտնեց նաև, որ պետռեգիստրի բոլոր մարզային գրասենյակներն ունեն ինտերնետ, միացած են կառավարության կորպորատիվ ցանցին, իսկ աշխատակիցներն արդեն անցել են թրեյնինգներ, որոնք պարբերական են լինելու:
Սոնա Մաշուրյան