Մասնագետ. ցանկացած պահի Երևանի մետրոպոլիտենի որևէ հատված կարող է փուլ գալ

Երևանի երկրաբանական կառուցվածքը մինչև այսօր լավ ուսումնասիրված չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի անդամ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:

«Վերջին 20-ամյակում քաղաքի բոլոր շենքերի հիմքերի տվյալները օդից են վերցված, որովհետև  մենք հանրապետությունում արդեն ֆիզիկամեխանիկական հատկությունների որոշման լաբորատորիա չունենք: Երեկ Ռուսաստանում`Ռոստովում ամբողջ շենք է նստել: Բանից պարզվում է՝ այնտեղ հիմքերը լրիվ ուսումնասիրված չեն եղել, նախատեսված է եղել 3 հարկ, կառուցել են 5-ը, և ամբողջ շենքը նստել է: Սա լինելու է և մեզ մոտ`Երևանում: Օրինակ`քաղաքի կենտրոնական մասում տակը դատարկ է: Մետրոն, իր օգտակարության հետ միասին ահռելի վնաս է տվել, մետրոյի համար ջրերը հանելիս մեծ քանակությամբ գրունտ են հանում, և քաղաքը քանի գնում է, դատարկությունը մեծանում է: Այդ դատարկությունը պետք է լցվի: Առանց մտածելու մետրոյի ղեկավարությունն ավելի հզոր պոմպեր է դնում, որոնք ավելի են վնաս բերելու: »,- ասաց Ռուբեն Յադոյանը:

Ռ. Յադոյանը նշեց, որ ցանկացած պահի Երևանի մետրոպոլիտենի որևէ հատված կարող  է փուլ գալ. «Իսկ մետրոյի տերը, կառավարիչը ուրախացել է, որ թանկացրել են տոմսը, միայն դա»:

Քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը ևս նշեց, որ հանձանաժողովին խիստ անհանգստացնում են քաղաքի սեյսմիկ անվտանգության հարցերը. «Մեզ դուր չի գալիս, որ ամեն տարի`դեկտեմբերի 7-ին դուրս են գալիս և հայտարարում, որ 80 տոկոսը կքանդվի, բայց որևէ բան չի ձեռնարկվում: Բացի դրանից՝ եթե այդ շենքերը քանդվելու ենթակա են, ինչպես է, որ բոլորի տակ նկուղները թույլ են տալիս քանդել, հիմքերը թուլացնել, վրան էլ մեկ-երկու հարկ շարել: Մյուս կողմից էլ ամեն կողմից լսում ենք, որ մի երկրաշարժ եղավ, Երևանից բան չի մնա»:

 

Տեսանյութեր

Լրահոս