Ապօրինի են ոչ թե կառույցները, այլ փաստաթղթերը. Կ. Դանիելյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցանկանում է լավ գործեր անել. խնդիր է նա կկարողանա դա՞ անել, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը: Ըստ նրա՝ բնապահպանական հանձանաժողովը քննարկել է որոշակի խնդիրներ և առաջարկությունները ներկայացրել Տարոն Մարգարյանին: «Բոլոր հարցերում քաղաքապետը համաձայն է մեզ հետ, խնդիր է՝ որը կկարողանա լուծել, որը ոչ»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Ըստ նրա`քաղաքապետարան է ներկայացվել այն բուսատեսակների ցանկը, որոնք ավելի հարմարեցված են Երևանի բնակլիմայական պայմաններին: «Քննարկել ենք նաև մանկական այգու հարցը: Ինչպես գիտեք, Կիրովի այգին անմխիթար վիճակում է: «Երևան» նախագծի որոշ կետերի հետ համաձայն չենք եղել, առաջարկություններ ենք արել համարակալել ծառերը, պայմանագիր կնքել, որ որևէ կանաչ ծառ կամ թուփ չի տուժի: Առաջարկել ենք հատուկ տարածքներ տրամադրել հեծանիվների համար, կենդանական մի փոքր կենտրոն ստեղծել: Քննարկել ենք նաև սեյսմիկ, անվտանգության, երկրաբանական խնդիրները»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովին խիստ անհանգստացնում է քաղաքի օդային ավազանի վիճակը: Կ. Դանիելյանի գնահատմամբ՝ այս առումով ամենաանբարենպաստ վիճակում քաղաքի կենտրոնն է, այնուհետև հարավային մասերը. «Հենց կենտրոնն է, որ կորցրել է մեծ քանակությամբ կանաչ տարածքներ: Մոնումենտից մինչև հեռուստաաշտարակից այն կողմ՝ մինչև Սարի թաղ, անտառներ էին: Հիմա դրանց մեծ մասը չկան: Պարզվեց, որ այս տարածքի միայն 57 հա-ն է մնացել (դա մոտավորապես այդ տարածքի 1/3-րդն է) որպես անտառապատ տարածք, մնացածն աճուրդով տրվել է կառուցապատման»: Կարինե Դանիելյանի հաղորդմամբ՝ այժմ քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ վերանայում է կնքված բոլոր պայմանագրերը:
«Շուրջ մի քանի հազար քաղաքներ միացել են այսպես կոչված «Տեղական ինքնակառավարման մարմինները հանուն կայունության» միությանը: Քաղաքները նպատակ են դնում էկոլոգիապես կայուն քաղաք լինելու: Մեզ հաջողվել է դրանում ներգրավվել միայն Հրազդան քաղաքը: Երևանը մեզ միշտ մերժել է կամ էլ խոստացել է, չի արել: Այս անգամ ունենք քաղաքապետարանի, նաև՝ բնապահպանության նախարարության համաձայնությունը»,- նշեց քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի նախագահը:
Ըստ Կարինե Դանիելյանի՝ հանձնաժողովը կազմել է բոլոր այն կառույցների ցանկը, որոնք անհրաժեշտ է ապամոնտաժել. «Ապօրինի ասվածը պայմանական է, քանի որ երբ քաղաքապետարանին դիմում ենք, կառուցողին դիմում ենք, բոլոր թղթերը հանում են: Մենք ասում ենք՝ փաստաթղթերն են ապօրինի: Քաղաքապետը որդեգրել է այսպիսի մոտեցում, այնտեղ, որտեղ հնարավոր է, կոմպեսացիոն տարածքներ տրամադրել դրանց»:
Կարինե Դանիելյանը նաև նշեց, որ հաճախ իրենք կազմել են առաջարկությունների փաթեթ, սակայն դրանք գնացել, «մահացել են» քաղաքապետարանի ներսում, վարչություններում. այժմ որոշվել է այդ առաջարկները ներկայացնել անմիջապես քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Կարինե Դանիելյանը նաև նշեց, որ քաղաքապետարանից հերքել են լուրերը, որ քաղաքից հանվելու է տրոլեյբուսը: