Անհատական, արժանապատիվ որոշում

Հարցազրույց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի հետ

– Գալիք նախագահական ընտրություններին չմասնակցելու՝ Գագիկ Ծառուկյանի որոշումը, կարծես թե շոկային էր քաղաքական և հասարակական շրջանակների համար: Ո՞րն է Ձեր գնահատականը:

– Ինձ դժվար է այս պահին օբյեկտիվ գնահատականներ տալ, որովհետև ես եղել եմ շահագրգիռ կողմ: Ընտրվել է հնարավոր տարբերակներից մեկը: Ես չեմ թաքցնում. ողջ այս ընթացքում ես եղել եմ այն համոզման, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով: Մինչև վերջին պահը ես պայքարել եմ այս տեսակետի համար, բերել եմ փաստարկներ և զգուշացրել այլ տարբերակների հնարավոր վտանգների մասին: Այս իմաստով, իմ խիղճը հանգիստ է:

– Փաստորեն, Ձեր տեսակետը չանցավ…

– Պետք է հստակ հասկանալ մեկ բան. նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը, բացի քաղաքական խնդիր լինելուց, առաջին հերթին խոր անհատական որոշման խնդիր է: Այս համատեքստում ես Գագիկ Ծառուկյանի որոշումը գնահատում եմ որպես ընդգծված արժանապատիվ անհատական որոշում: Մի կողմից՝ նա ցույց տվեց, որ որևէ պաշտոն իր համար ինքնանպատակ չէ, մյուս կողմից, չպաշտպանելով այլ թեկնածուի, նա հավատարիմ մնաց իր սկզբունքներին:

– Ի՞նչ ներքաղաքական զարգացումներ եք տեսնում մոտ ապագայում:

– Գիտեք, ես ԱԺ առողջապահության հանձնաժողովի անդամ եմ և պատրաստվում եմ ակտիվ աշխատել, ես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ եմ և պատրաստվում եմ ակտիվ պաշտպանել իմ երկրի վարկն ու հեղինակությունը միջազգային այդ կառույցում, ես համակարգում եմ կրթական, մշակութային ծրագրեր Ծառուկյան բարեգործական հիմնադրամում և ուրախ եմ, որ կարողանում եմ կոնկրետ հարցերում օգտակար լինել կոնկրետ մարդկանց նախաձեռնություններին: Իսկ ներքաղաքական հարցերը, կարծում եմ, այս պահից սկսած՝ ինձ միառժամանակ քիչ կհետաքրքրեն:

Zham.am

Տեսանյութեր

Լրահոս