«Աշխարհի» վերջը` ըստ Աշոտ Մանուչարյանի
«Եթե հարցին նայենք նեղ իմաստով, փաստորեն, այն գործընթացի շրջանակներում, որը մենք անվանում ենք ընտրություններ, ինչ-ինչ քայլեր կատարվեցին թե՛ արտաքին աշխարհում, թե՛ ներսում, որի արդյունքում մի օլիգարխիկ համակարգը դուրս մղվեց խաղից, և նրա մյուս թևը կարծես թե կարող է հրճվանք ապրել, որ լուծել է հարցերը և հիմա հանգիստ կարող է շարունակել իր կյանքը»,- 168.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստանի» հայտնի հայտարարությունը` ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Սակայն սա, ըստ Աշոտ Մանուչարյանի, շատ մակերեսային դիտարկում է, և անգամ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը, որն, անկասկած, կանգնած էր այդ ուժի ետևում, ավելի ճիշտ` դիտարկում էր նրան՝ որպես գործիք, ինչ-ինչ շփումների, առևտրի մեջ մտնելով` ի վերջո, եկավ եզրակացության, որ արդեն կարելի է այդ գործիքը մի կողմ դնել և բավարարվել այն ամենով, ինչ կա:
«Հիմա թե ո՞վ նրան տեղեկացրեց այդ գործիքի մասին, արդյոք տեղացի՞ պաշտոնյա դա արեց, թե՞ դրսից ինչ-որ մեկը, սա չէ խնդիրը: Կարևորն այն է, որ ուժերից մեկը դուրս մնաց, և Հայաստանում ոչ մի ուժ թող խրախճանք չապրի դրանից, որովհետև խորքային իմաստով բոլորովին այլ բան է տեղի ունենում, և շատ մեծ անակնկալներ են սպասվում: Այժմ ֆունդամենտալ հարցը, որը մոլորակային երևույթ է և սկսել է գործել` գռմռոցն է ռուս ժողովրդի ընդերքում: Այդ գռմռոցն արդեն ընկալել է Ռուսաստանի իշխանությունը, և մենք տեսնում ենք` իշխանությունը, լինելով բավական կոռումպացված և հափշտակող երևույթ, ինչպես մեր իշխանությունը, սկսել է կոռուպցիայի դեմ պայքարել, նա փորձում է գոյություն չունեցող ապստամբությանն ապացուցել, որ ինքն այդքան էլ վատը չէ և ի զորու է ի կատար ածել ժողովրդի իղձերը և այսպիսի քաղաքական գիծ է որդեգրել: Սա ազդեցություն է ունենալու ոչ միայն ռուսաստանյան և հետխորհրդային տարածքների համար, այլև մոլորակային երևույթ է, քանի որ մոլորակը կանգնել էր եզրին. մենք արդեն գիտենք որոշ աստղագետների և գուշակների կանխատեսումները, որ աշխարհի վերջն է գալու, այսինքն` այս աշխարհի վերջն է, և գալիս է նոր աշխարհ: Եվ հայտնի չէ, թե ո՞ր ուժն է դա իրականացնում: Ռուսաստանյան գռմռոցը ցույց տվեց, որ ռուս ժողովուրդը դրա հիմնական դերակատարներից է»,- ասաց նա:
«Այս հեռացող աշխարհի պատասխանատուները», ովքեր, ըստ Մանուչարյանի, Հայաստանի արևմտյան գործընկերներն են, կանգնել են հետևյալ իրողության առջև. «Ռուսաստանից գալիս է մի երևույթ, որն արդեն կոտրում է այդ աշխարհի ներկայացուցչությունը Ռուսաստանում: Ներկայացուցչություն ասելով` նկատի ունեմ Ռուսաստանի ղեկավարության զգալի մասը, որն իրեն պահում է՝ որպես մեռնող աշխարհի ներկայացուցչություն, բայց նրան արդեն կոտրում է դեռ գոյություն չունեցող ժողովրդի շարժը»:
Իսկ ի պատասխան մեր հարցին` եթե Ռուսաստանում, իրոք, այդպիսի ժողովրդական ընդվզում լինի, այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, Ա.Մանուչարյանն ասաց. «Ազդեցությունը լինելու է հսկայական, և Հայաստանի քաղաքական ընտրանու (քաղաքական ընտրանի մենք անվանում ենք տնտեսական խմբակներին, որոնք թյուրիմացաբար կուսակցություններ են կոչվում) ներկայացուցիչները պետք է հասկանան, որ կանգնած են հետևյալ ընտրության առաջ. կա՛մ իրենք կզգան այդ միտումները և ինքնուրույն գործընթաց կսկսեն Հայաստանում` իրենք տանելով գիշատիչ աշխարհի կոտրման գործընթացը, կա՛մ հայ ժողովուրդը, ինչպես այլ ժողովուրդներ, իր փրկությունը կսպասի այլ տեղից: Ոչ ոք թող չմտածի, որ «11-րդ բանակը» պատահական մի երևույթ էր, որը եկավ Հայաստան»:
Աշոտ Մանուչարյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» առաջիկա տպագիր համարում: