Ծառուկյանը պետք է կողմնորոշի իր ընտրազանգվածին
«Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան» 2013թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ առաջին սոցհարցումը կհրապարակի դեկտեմբերի 20-ին: Հարցումն իրականացվում է «Գելափ» ընկերության հետ համատեղ: Այս մասին 168.am-ին հայտնեց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Պողոսյանը:
Հարցին, թե ո՞ւմ կընտրի ԲՀԿ-ի մոտ 500 հազարանոց համակիրների բանակը, սոցիոլոգը դժվարացավ կոնկրետ նշել, սակայն նկատեց, որ հիասթափությունը ԲՀԿ-ական շարքերում ակնհայտ է: «Որոշակի հիասթափություն կլինի, քանի որ վերջին մի քանի օրերին, հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում, էնպիսի՛ տրամադարություններ հաղորդվեցին կուսակցության անդամներին, թե Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու է…: Դա ինչ-որ տեղ տրամադրում է ընտրազանգվածին, իսկ հետո առաջնորդը հայտարարում է, թե չի առաջադրվելու»,- 168.am-ին ասաց Գևորգ Պողոսյանը` ընդգծելով, թե դժվար է կանխագուշակել՝ ում կընտրի այդ հիասթափված ընտրազանգվածը, քանի որ նման դեպքերում քաղաքական ուժը այս կամ թեկնածուին սատարելու մասին հայտարարությամբ է հանդես գալիս կամ առնվազն կոչ է անում ընտրել խղճի թելադրանքով:
«Եթե երկրորդ ազդեցիկ կուսակցության առաջնորդն ինքը չի առաջադրվում, ապա ինքը կողմնորոշում է իր ընտրազանգվածը»,- նշեց սոցիոլոգը` ավելացնելով, որ մինչև ընտրությունները դեռևս ժամանակ կա, և հնարավոր է, որ կուսակցությունն իր անդամներին կողմնորոշի:
Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը, ապա Գևորգ Պողոսյանը դա քիչ հավանական է համարում:
«Դեռ մեկ ամիս առաջ ասել էի, որ թե’ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե’ Գագիկ Ծառուկյանը դժվար թե առաջադրվեն, ուղղակի ինտրիգը մի քիչ երկարեց: Փաստորեն ընդդիմադիր դաշտը բաց է նոր դեմքերի, նոր գործիչների համար, և մենք ամեն տեսակի անակնկալի կարող ենք սպասել»,- ասաց Գևորգ Պողոսյանը:
Միաժամանակ նա նշեց, որ իր համար տեսանելի է նաև այն, որ եթե ՀԱԿ-ից Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն առաջադրվի մեկ այլ թեկնածու, ապա ՀԱԿ-ը նույնպես կորցնելու է իր ձայներ: «Կոնգրեսն ընկալվում է իր առաջնորդով, և եթե նրա թեկնածուն լինի երկրորդ, երրորդ կամ մեկ ուրիշ դեմք, ապա բոլոր դեպքերում կպակասի, դա հասկանալի է, բայց թե ինչքանո՞վ՝ շատ դժվար է ասել, պետք է հարցում անց կացնել»,- ընդգծեց սոցիոլոգը: