Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի «կորիզը» նո՞ւյնն է

Քաղաքագետ Արմեն Աղայանի խոսքով` Հայաստանի երեք նախագահների քաղաքական դիրքորոշման մեջ չկա որևէ տարբերություն, քաղաքական դաշտում առհասարակ անձեր են փոխվել միայն, իսկ  հիմնական կորիզը պահպանվել է, և չկա որևէ գաղափարական այլընտրանք:

«Ուզում եմ հասկանամ` Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից գաղափարական առումով ինչո՞վ է տարբերվում, և չեմ գտնում որևէ կետ, որով նրանք իրար հակասեն: Հաջորդները նրանց աշակերտներն են, խոշոր հաշվով, և եթե արդեն անձերից էլ վերանանք և նայենք իրենց շրջապատին, ապա դա գրեթե նույնն է. այնտեղ ընդամենը սերնդափոխություն է եղել»,- galatv.am-ի փոխանցմամբ՝ այսօրվա ասուլիսում ասել է Արմեն Աղայանը:

Ներկայիս քաղաքական դաշտի մյուս ուժը՝ «Ժառանգությունն», ըստ նրա, չունի հստակ գաղափարական ուղղվածություն:

«Մի տեսակ պոպուլիստական քայլեր է անում, արևմտյան տեխնոլոգիաներ է փորձում կիրառել, մեկ անձի շուրջ առաջնորդվող մի միավոր է փորձում ձևավորել և որպես կուսակցություն այդպես էլ չի ձևավորվում»,- ասել է Աղայանը:

Կարդացեք նաև

Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Արմեն Աղայանի խոսքով՝ այն կարծես ավելի շատ այլընտրանքներ ունի: Սակայն, ըստ նրա՝ ՀՅԴ-ն նաև հակասական գաղափարական կողմնորոշումներ ունի՝ ազգայնական, սոցիալիստական և արևմտյան:

«Այսինքն՝  Հայաստանում որևէ գաղափարական ուղղվածություն, որը կարելի է վեճ համարել քաղաքական համակարգի ներսում, ըստ էության, չկա: Գոյություն ունի վեճ, քաղաքական համակարգի ներսում՝ որպես մեկ ճամբար և քաղաքական համակարգից դուրս գտնվող ինչ-որ շրջանակների միջև»,- նշել է Աղայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս