ՀՀ կառավարությունն ընդդեմ «Գազպրոմի՞»
Ռուսական «Գազպրոմը» ցանկանում է բարձրացնել գազի գինը, իսկ ՀՀ կառավարությունը դիմադրում է՝ թանկացում թույլ չտալու համար: Այսօր նման հայտարարություն է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև նշել է, գազի գնի վերաբերյալ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռ շարունակվում են, և այդ հարցը մինչև տարեվերջ կհստակեցվի։
Արմեն Մովսիսյանը նաև նշել է, որ դեռ չի ուսումնասիրել մաքսային մարմնի հրապարակած տվյալները գազի մաքսաային արժեքի վերաբերյալ: Նման խոստում նա տվել էր «Հայկական ժամանակ» օրաթերթին։
Իհարկե, խնդիրը ոչ թե ժամանակն է, այլ այն, որ այդ տվյալները հակասում են Ա. Մովսիսյանի կողմից բազմիցս հնչեցված այն հայտարարությանը, թե ներկայումս ռուսական գազը Հայաստան է մատակարարվում 1000խմ-ը 180 դոլար գնով։ Ըստ ՊԵԿ մաքսային կառույցի տվյալների, այդ գինը շատ ավելի բարձր է՝ 244 դոլար։
Այսինքն՝ մաքսային տվյալները ընդունելու դեպքում կստացվի, գազն արդեն թանկացել է։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունն արդեն «կոտրվել» է «Գազպրոմի» հետ պայքարում։