ԲՀԿ-ի որոշումով գործող նախագահի քվեների թիվը կավելանա

ԱԺ նախկին պատգամավոր ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ համամիտ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կայացած որոշումներին՝ չառաջադրվելու և որևէ թեկնածուին չսատարելու վերաբերյալ:

«Ես համաձայն եմ այս որոշման հետ և ոչ ավելին: Եթե նման որոշում է ընդունվել, ուրեմն՝ ԲՀԿ-ն ճիշտ է վարվել»,- ասաց Վարդան Բոստանջյանը: Վերջինս հավելեց, որ ԲՀԿ առաջնորդի չառաջադրման որոշմամբ զարգացումները կընթանան մեկ հունով՝ «գործող նախագահի քվեների թվի ավելացմամբ»:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում «այլընտրանքային ուժի« կողմից ճի՞շտ էր թողնելը, որ «գործող նախագահի քվեների թիվն ավելանա», Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ որոշումների իսկությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, ըստ որոնց՝ ցանկացած որոշումները պետք է չկրեն անձնական, սուբյեկտիվ բնույթ, և բխեն երկրի, ազգի շահերից, որոնք ենթադրում են կայունության ապահովում:

«Հատկապես այս իրավիճակում, երբ մենք աշխարհաքաղաքական և այլ առումներով միանշանակ վիճակներում չենք գտնվում, չի կարելի լրացուցիչ, ավելորդ ներքին լարվածություն ստեղծել, ինչը հղի  է հետևանքներով: Այս առումով ԲՀԿ-ի որոշումները ես հակված եմ համարել ճիշտ»,- նշեց Վ. Բոստանջյանը:

Կարդացեք նաև

Հարցին, թե արդյոք հասարակության շահերից չէր բխի՞ Լևոն Տեր Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին սատարելը, Վարդան Բոստանջյանը դրական արձագանքեց. «Իհարկե, կբխեր: Մեկը մեր առաջին նախագահն է եղել, որի պարագայում ստեղծել ենք ազատ, անկախ երկիր, գրանցել ենք հաղթանակ, իսկ գործող նախագահի պարագայում որոշ հարցերում ունեցել ենք խնդիրներ, բայց աստիճանաբար հաղթահարել ենք դրանք ու գտնում ենք նոր լուծումներ»:

Մեր հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն իր այս որոշումը կայացրեց՝ դրական դաշտ նախապատրաստվելով հաջորդ նախագահական ընրություններում իրենց մասնակցության համար, Վարդան Բոստանջյանը ծիծաղեց ու պատասխանեց՝ «Ոչ, այդպես չեմ կարծում»:

Տեսանյութեր

Լրահոս