Մեկնածներից 71,4 հազարը չեն վերադարձել Հայաստան
Միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թ. հունվար-նոյեմբերին Հայաստան ժամանածների և մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1 մլն 981 հազար 897 և 2 մլն 53 հազար 271: Սալդոն բացասական է` -71 374 մարդ:
Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օդային տրանսպորտով, երկաթուղով և ավտոտրանսպորտով մեկնածների և ժամանածների թվերի տարբերությունն աճել է 6,5 հազարով կամ 9,9 %-ով և կազմել -71,4 հազար մարդ: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 41,6 %:
2012թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 444,1 հազար մարդով կամ 12,4 %-ով և կազմել՝ 4 մլն 35 հազար 200 մարդ:
Նոյեմբերին արձանագրվել է միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդ, որը կազմել է 16,9 հազար մարդ` նախորդ տարվա նոյեմբերի 16,6 հազարի դիմաց: Ընդ որում` օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների սալդոն, ի տարբերություն ավտոմոբիլային և երկաթուղային ուղևորափոխադրումների, նոյեմբերին դրական է և կազմել է 18 928 մարդ: Ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների սալդոն համապատասխանաբար կազմել է -2046 և -15 մարդ:



