
34-ամյա տղամարդը մերժում ստանալով կնոջից՝ հյուրասենյակում հրազենով ինքնասպան է եղել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ինքնասպանության փաստի առթիվ:
Դեկտեմբերի 9-ին Ոստիկանության Գորիսի բաժին անազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի տներից մեկում կրակոց է հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ մեկնած Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը տներից մեկում հայտնաբերել է AKM տիպի ինքնաձիգով, տան հյուրասենյակում ինքնասպան եղած 34-ամյա Հրայր Բաբալարյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Բաբալարյանը ուներ 1 անչափահաս տղա: Ամուսնանալուց որոշ ժամանակ անց ամուսնալուծվել էր և կինը բնակվում էր Երևանում: Դեպքից մեկ օր առաջ նա մեկնում է Երևան և կնոջը համոզում, որ պապը ցանկանում է տեսնել իրենց տղային, այսինքն՝ թոռանը: Նրանք միասին վերադառնում են Խնձորեսկ, որտեղ ամուսինը կնոջը հայտնում է, որ այլևս չի թողնելու վերադառնա Երևան, և պետք է նորից սկսեն համատեղ կյանք վարել: Կինը մերժում է նրան, ինչից հետո ամուսինը կնոջն ասում է՝ դե այդ դեպքում տես ինչ եմ անելու: Մտնում է հյուրասենյակ և ինքնաձիգով ինքնասպան է լինում: