«Սիրելի Ֆլորա, դու այսուհետ կդառնաս Հավերժի ճամփորդ» (լուսանկարներ)
Այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում բազմաթիվ մարդիկ հրաժեշտ տվեցին սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին:
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն իր ցավակցական խոսքը հղելով երգչուհու հարազատներին և երգարվեստի սիրելիներին` ասաց. «Ավարտվել է մարդկային մի առաքելություն, որի անունն է՝ հայ երգի ինքնատիպ կատարող Ֆլորա Մարտիրոսյան: Ապրողներս ենք, որ ի զորու ենք պահել սիրված արվեստագետի մարդկային կերպարն՝ իբրև մխիթարանք: Ֆլորա Մարտիրոսյանի` հայրենասեր քաղաքացու մարդկային որակներն այստեղ` Հայաստանում, իմաստավորվեցին, բայց կյանքի կոչվեցին օվկիանոսից այն կողմ` հայաշատ Գլենդելում: Որակ, որն իր շուրջը համախմբեց աշխարհահռչակ արվեստագետների հզորագույն մի բանակ, որն ի զորու էր իր իսկ արվեստով աղաղակել ականջախուլ աշխարհում և լսելի դարձնել 20-րդ դարի մեծագույն ողբերգությունը, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը վերջապես հասկանա և ճանաչի Հայոց Մեծ եղեռնը: Սիրելի երգչուհու անէանալու բոթը մեկ վայրկյանում ցնցեց հայ երգասերի հոգին: Երգչուհու առինքնող կատարումները` իբրև արվեստագետի անմահության գրավական, հնչեցին գրեթե բոլոր հայահունչ ռադիոկայաններով և ցուցադրվեցին Հայաստան աշխարհի հեռուստակայաններով:
Ծանր է, երբ գիտակցում ես, որ կյանքի 55-րդ տարում ընդհատվել է երազանքներով ու արարման գաղափարներով առլեցուն մի կյանք: Այսօր բոլորս այստեղ ենք, որ ասենք` «Սիրելի Ֆլորա Մարտիրոսյան, հայրենի հողը գորովանքով կամփոփի հայրենակարոտ մարմինդ, իսկ դու այսուհետ կդառնաս Հավերժի ճամփորդ, իսկ մենք կդառնանք ականջալուր քո Դլե յամանին»: