Վրաստանում ցանկանում են վերացնել թմրամոլության համար նախատեսված պատիժը
Վրաստանում շրջանառության մեջ է մտել մի օրինագիծ, որը նախատեսում է վերացնել թմրամիջոցների օգտագործման համար քրեական պատասխանատվությունը։ Այս մասին գրում է «Грузия Online»-ը։
Օրենքի նախագիծն արդեն խորհրդարանում է։ Դրանով առաջարկվում է փոփոխություններ կատարել երկրի քրեական օրենսգրքում։ Մասնավորապես, պատասխանատվությունից կազատվեն այն անձինք, ովքեր թմրամիջոցներ են օգտագործում բժշկի ցուցումով, ձեռք են բերում և պահում այն փոքր քանակություններով։ Չեն պատժվի նաև նրանք, ովքեր խուսափում են թմրամիջոցներից կախվածության դեմ բուժման կուրս անցնելուց։
Օրինագծի հեղինակը ներկայումս խորհրդարանական մեծամասնություն կազմող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Կոբա Դավիթաշվիլին է։
ՄԱԿ-ի տվյալներով, այսօր Վրաստանում թմրամոլների թիվը մոտ 250 հազար է։ Թմրամիջոցներ պահելու և օգտագործելու համար ամեն տարի քրեական պատասխանատվության են ենթարկվում հազարավոր մարդիկ։