ԲՀԿ-ական ռեկտորը խիստ նկատողության է ենթարկվել

ԳԱԼԱ-ի աղբյուների փոխանցմամբ` օրերս Գյումրու պետական մանկավարժական իսնտիտուտի ռեկտոր, թիվ 33 ընտրատարածքում ԲՀԿ պատասխանատու Վարդևան Գրիգորյանը ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի՝ ստանալով գրավոր խիստ նկատողություն:

Բուհում իրականացված տեսչական ստուգումների արդյունքում փաստաթղթային որոշակի անճշտություններ են հայտնաբերվել, մեր աղբյուրի փոխանցմամբ` դրանք մասնակի թերություններ են, որոնք մի քանի օրվա ընթացքում հնարավոր էր շտկել:

«Խոսքը վերաբերում է պայմանագրերին. հեռակա բաժնում ուսանողների հետ որոշակի պայմանագրեր չեն եղել կնքված, հետո տեղափոխությունների մասին է խոսքը, ինչպես նաև վարձավճարի, քննությունների հետ կապված հարցեր, օրինակ, ուսանողի դիմումում «կցագրել» բառի փոխարեն այլ բառ է գրված եղել:

ԳԱԼԱ-ի աղբյուրները պնդում են, որ տեղի ունեցածը հնարավոր է ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ԲՀԿ գրասենյակի պատասխանատու է, և վերջին շրջանում էլ բավականին ակտիվ քաղաքական գործունեություն է իրականացնում: «Նայե´ք, դրված է կարգապահական տույժ, որն իրենից ներկայացնում է զգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, պայմանագրի լուծարում, հիմա գտել են գրավոր խիստ նկատողությունը, իհարկե, կարող էին ուրիշ մոտեցում ցուցաբերել, ասենք, որոշակի ժամանակ տրամադրվեր էդ թերությունները վերացնելու համար, բայց միանգամից նախարարը խիստ նկատողություն է տվել նրան»:

ԳԱԼԱ-ի տեղեկություններով` բուհում այժմ աշխատանքներ են տարվում նշված թերությունները շտկելու ուղղությամբ, իսկ մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը պատրաստվում է հանդիպում ունենալ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ՝ ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս