Բաժիններ՝

Շրջանառության հարկն ու դրա հասցեատերերը

Շրջանառության հարկի մասին պաշտոնապես հայտարարվեց նոյեմբերի 22-ին, կառավարության նիստում։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ «այժմ մենք կատարում ենք օրենսդրության այս արմատական փոփոխությունները»` բիզնես միջավայրի բարելավման առումով։

«Շեշտադրումը կատարվում է փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծման վրա։ Մասնավորապես, ներդնում ենք շրջանառության հարկ, փոքր և միջին բիզնեսն ազատում ենք շահութահարկից և ավելացված արժեքի հարկից։ Արդյունքում` վերանում է 13 հաշվետվություն, ձևավորվում է պարզ համակարգ։ Սա բիզնեսի կողմից սպասված միջոցառում է»,- ասել էր վարչապետը` շեշտելով, որ հարցը բավական երկար և բուռն քննարկումների առարկա է եղել:

«Այն մենք քննարկել ենք նաև հասարակական կազմակերպությունների, ձեռներեցների միության հետ, փոքր և միջին բիզնեսի խորհրդումգ Քննարկումներ են եղել նաև Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովների նախագահների հետ, և նրանց դիտարկումներն ու առաջարկությունները նույնպես հաշվի ենք առել»,- ասել է նա։ Զարմանալին այն է, որ այդքան քննարկումներից հետո Տ. Սարգսյանը համոզված էր, որ դեռ լինելու են բուռն քննարկումներ։ Ավելի ճիշտ կլինի ասել` քննադատություններ։

Դեկտեմբերի 3-ին օրենքի փակագծերը որոշ չափով բացեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` ասելով, որ շրջանառության հարկով ՊԵԿ-ը բիզնեսին առաջարկում է պարզագույն հաշվարկ` դրանով իսկ զերծ պահելով հարկային և հաշվապահական հաշվառում կատարելու պարտավորությունից: Նա տեղեկացրել էր նաև, որ «Շրջանառության հարկի մասին» նախագծով առաջարկվում է 3.5 տոկոս դրույքաչափ` առևտրի ոլորտում, իսկ 5 տոկոս` այլ ոլորտներում գործունեություն իրականացնողների համար։

Ինչևէ, այսքանից հետո խոսակցությունները չդադարեցին, և կարծիքներ հնչեցին, որ շրջանառության հարկը հաշվետվությունների թիվը նվազեցնելուն զուգահեռ` մեծացնելու է ՓՄՁ սուբյեկտների հարկային բեռը։ Արդյունքում` հարկ եղավ ևս մեկ ասուլիս հրավիրել այդ մտավախությունները փարատելու համար։ Այս անգամ հերթը Ֆինանսների նախարարությանն էր:

ՖՆ Պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Արման Պողոսյանը երեկ հայտարարել է, որ շրջանառության հարկի համար ընտրվել են այնպիսի դրույքաչափեր, որպեսզի դրանց կիրառությամբ հարկային բեռի բարձրացում չլինի, և վճարվելիք շրջանառության հարկը գումարային առումով լինի այնքան, որքան տնտեսվարող սուբյեկտները վճարում են ներկայումս` հարկման ընդհանուր դաշտում գործելու պայմաններում: Պաշտոնյան հստակեցրել է նաև շրջանառության շեմի հարցը, նշելով, թե որ տնտեսվարողների վրա է ազդելու օրենքը։

Նրա խոսքերով, 2013թ. հունվարի 1-ից նոր հարկատեսակը կփոխարինի ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) և շահութահարկը տարեկան մինչև 58.35 մլն դրամ համախառն եկամուտ (առանց ավելացված արժեքի հարկի) ունեցող տնտեսվարող սուբյեկտների մոտ, և միայն ԱԱՀ-ն` անհատ ձեռներեցների և նոտարների մոտ: Նշենք, որ մեր գործընկերներից ոմանք, ընդհանուր առմամբ ողջունելով գաղափարը, մտահոգություն էին հայտնում այն առնչությամբ, որ շրջանառության շեմ է սահմանված տարեկան 30 միլիոն դրամը:

Ֆիննախի ներկայացուցիչը խոսել է նաև շրջանառության հարկի այլ առավելությունների մասին։ Օրինակ, շրջանառության հարկ վճարողները կազատվեն փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների գծով եկամտահարկ վճարելու պարտավորությունից: «Ներկայումս, եթե ձեռքբերումները չեն հիմնավորվում համապատասխան հաշվարկային փաստաթղթերով, ձեռքբերողը ստիպված է վճարել 11% դրույքաչափով եկամտահարկ»,- ասել է Արման Պողոսյանը, հավելելով, որ շրջանառության հարկ վճարողները կազատվեն նաև առաքումների գրքերում համապատասխան գրանցումներ կատարելու պարտավորությունից:

Կարճ ասած, պետական կառույցների ներկայացուցիչները շարունակում են ու դեռ կշարունակեն ապացուցել, որ նախաձեռնությունը միայն և միայն օգուտ է ՓՄՁ ոլորտի տնտեսվարողներին։ Որովհետև հատկապես ՓՄՁ ոլորտի տնտեսվարողները, սուբյեկտներն ի սկզբանե կասկածանքով են վերաբերվում հարկային օրենսդրության ցանկացած փոփոխության։ Ցանկացած նախաձեռնություն` թեկուզ ամենանպաստավորը բիզնեսի համար, առաջացնում է այսպիսի հարց` լավ, պետությունը հիմա՞ ինչպես է ցանկանում մեզ «քցել»։

Մյուս կողմից, այս ամենը վկայում է այն մասին, որ ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտները տեղյակ չեն ոչ անմիջապես իրենց վերաբերող օրենքից, ոչ էլ դրա ազդեցությունից։ Օրինակ` կոնկրետ մանր կրպակատերերի կեսն ընդհանրապես չի լսել շրջանառության հարկի մասին, մյուս մասն էլ` ականջի ծայրով է լսել, սակայն դեռ չի պատկերացնում` դա ի օգուտ իրե՞նց է, թե՞ հակառակը։

Իսկ դա նշանակում է, որ ՓՄՁ հարցերով վարչապետի նշած «բուռն քննարկումների» մասնակիցները` կազմակերպություններն ու ՓՄՁ միությունները, իրականում կտրված են իրական տնտեսական դաշտից և տնտեսվարող սուբյեկտներից։ Իսկ իրական ՓՄՁ դաշտը` կրպակատերերը, առևտրականները, վարսավիրները, տաքսի ծառայությունները և այլն, որևէ կերպ չեն առնչվում թեմային, անհաղորդ են, նրանց կարծիքը ոչ լսել են և ոչ էլ կլսեն։ Փոխարենը` նրանց ներկայացնում են անվանման մեջ ՓՄՁ հապավումը պարունակող ինչ-որ անհասկանալի կառույցներ ու խորհուրդներ։ Մինչդեռ վերը նշված նախաձեռնությունների ազդակը պետք է գա ներքևից` հենց տնտեսվարող սուբյեկտներից։

Իհարկե, ոմանց կարծիքով, փոքր բիզնեսի անտեղյակության և որպես դրա արդյունք` պասիվության համար մեղավոր են հենց իրենք` այդ ոլորտի տնտեսվարող սուբյեկտները. նրանք նախաձեռնող չեն, անտարբեր են, և այլն:

Սակայն դա ունի բացատրություններ։ Առաջինի մասին արդեն խոսեցինք. դա արդեն բնազդային դարձած մտավախությունն է, որ պետության ցանկացած նախաձեռնություն ուղղված է իրենց շահերի դեմ։ Եվ կա նաև երկրորդ գործոնը` հաշվետվությունների բարդությունը։ Հարկային օրենսդրության փոփոխություններին դժվարությամբ են հասցնում հետևել անգամ ստաժավոր հաշվապահները։ Իհարկե, որոշակի գիտելիքներ և համապատասխան ցանկություն ունեցող անհատ ձեռնարկատերերը կարող են ինքնուրույն լրացնել հաշվետվությունները։ Սակայն նրանք գերադասում են ծախսել լրացուցիչ գումար՝ հաշվապահ պահելու վրա, մի թեթև սխալ թույլ տան և ենթարկվեն տուգանքի։ Այլ կերպ ասած՝ ցանկանում են «շառ ու փորձանքից» հեռու մնալ։
Ի դեպ, սա իր հերթին` հանգեցրել է մի հետաքրքիր իրավիճակի։ Փոքր բիզնեսի դաշտում բավականին տարածված է դարձել հետևյալ պրակտիկան. տնտեսվարող սուբյեկտը ամսական 20-30 հազար դրամ (կախված շրջանառության չափից և գործունեության տեսակից) վճարում է պրոֆեսիոնալ հաշվապահի, որի անունը ոչ մի փաստաթղթում չի երևում։

Հաշվապահը կազմում է հաշվետվությունները, լրացնում բոլոր անհրաժեշտ տվյալները։ Տնտեսվարող սուբյեկտին մնում է միայն սեփական ստորագրությունը դնել փաստաթղթերի տակ և ներկայացնել հարկային տեսչությանը (կամ առաքել փոստով)։ Այսօր յուրաքանչյուր գործող հաշվապահ «ձեռքի տակ» պահում է 10-ից ավելի ՓՄՁ սուբյեկտներ։ Իր հիմնական գործից բացի, անում է նրանց գործը` համապատասխան վարձատրության դիմաց։

Ընդ որում, շատ դեպքերում հաշվապահներն իրենք են չափից դուրս մռայլ ներկայացնում իրականությունը, բարդացնում հարկային գործընթացների բնույթը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներին պահեն իրենցից կախվածության մեջ։ Այնպես որ, եթե շրջանառության հարկն իրոք հեշտացնում է թղթարարությունը, ապա այն առնվազն մեկ բացասական հետևանք ունի. «խփում է» հաշվապահների գրպանին։ Իսկ դա արդեն անխուսափելի կողմնակի էֆեկտ է, որից զերծ չէ և ոչ մի օրենսդրական նախաձեռնություն։

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս