«Առաքելությունը» Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունի՞

«Առաքելություն» կուսակցության հիմնադիր համագումարը կլինի հաջորդ տարի հունվարին կամ փետրվարին: Այդ մասին 168.am-ին ասաց նախաձեռնող խմբի անդամ Մանուկ Սուքիասյանը: Նրա փոխանցմամբ՝ կուսակցությունը դեռևս չի գրանցվել Արդարադատության նախարարությունում, սակայն ակտիվ աշխատանք է տարվում իրավաբանների հետ` հնարավոր բոլոր հարցերը կարգավորելու համար:

«Կուսակցաշինական գործունեությունն ակտիվ հիմքերի վրա ենք դրել, ցանկանում ենք յուրաքանչյուր հարցի շուրջ մեր տեսակետը ձևավորել բավական խորքային ուսումնասիրությունների արդյունքում»,- ասաց Մանուկ Սուքիասյան:

Մեզ հետ զրույցում նա դարձյալ պնդեց իրենց այն հայտարարությունը, թե առաջիկա նախագահական ընտրություններում իրենք ընտրություն չեն կատարելու եղած թեկնածուների մեջ և որևէ մեկին չեն սատարելու: Ավելին` 2013թ. ընտրությունները «Առաքելությունը» չի դիտարկում որպես երկրում փոփոխություններ առաջացնող միջոցառում:

«Հայտարարված թեկնածուների միջև ընտրություն կատարելը կնշանակի վատի և վատթարագույնի միջև ընտրություն կատարել, ինչն էլ շատ տխուր հեռանկար է խոստանում մեր երկրին»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե «Առաքելություն» կուսակցության ետևում կանգնած է ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մանուկ Սուքիասյանն ու Նիկոլ Փաշինյանը եղել են «Այլընտրանք» նախաձեռնության անդամներ, Մ. Սուքիասյանն ասաց. «Ամեն գնով փորձել մեզ կապել մեկ ուրիշ կառույցի կամ անհատի հետ, մեզ համար անհասանալի է: Մեր գործողություններն այնպես ենք կազմակերպելու, որպեսզի որևիցե մեկի մոտ այլևս կասկած չմնա, որ որևէ անձի կամ ուժի հետ մեր նախաձեռնությունը կապ չունի»:

Տեսանյութեր

Լրահոս