Ինչպես է ՀԱԿ-ը պահում ԲՀԿ-ի թիկունքը

Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև համագործակցության մասին շատերը դատում են միայն հայտարարություններով, հրապարակային միջոցառումներին նրանց մասնակցությամբ, ստորագրահավաքներով, և այլն: Բայց այս ուժերի միջև համագործակցությունն առկա է նաև գործնական, աշխատանքային հարթությունում: Դա հասարակության համար պակաս տեսանելի, սակայն նշանակությամբ շատ ավելի կարևոր համագործակցություն է:

ՀԱԿ-ԲՀԿ գործընկերության հերթական դրսևորումն արտահայտվեց անցած մի քանի օրերին.  մինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, գտնվում էր Բրյուսելում, ՀԱԿ-ի գործընկերները, այսպես ասած, «պահում էին ԲՀԿ-ի թիկունքը» Հայաստանում: Քարոզչական և արտաքին քաղաքական ուղղություններով:

Նախ՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը շտապեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքել հայաստանյան մամուլում հայտնված տեղեկատվությունը, որ Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխման կուսակցության ղեկավարությունը չեղյալ է հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը:

Արամ Մանուկյանը հայտարարեց, թե իր եվրոպական կապերով ճշտել է, որ հանդիպումը չի կայացել զուտ տեխնիկական պատճառներով: Սա ՀԱԿ-ի աջակցությունն էր ԲՀԿ-ին` քարոզչական դաշտում, որը, սակայն, կարելի է համարել ոչինչ՝ մյուս`շատ ավելի կարևոր իրադարձության համեմատ:

Ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, դրանց զարգացման և հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև՝ տարածաշրջանային խնդիրներ: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներին»,- նշված է այդ հանդիպման մասին պատմող ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Թե ինչ են իրականում խոսել Ռուսաստանի շնորհիվ Հայաստանի անվտանգության և հայերի ինքնության պահպանման մասին հայտարարության հեղինակ Կովալենկոն և Լևոն Զուրաբյանը, բնականաբար, հաղորդագրության մեջ նշված չէ: Բայց, եթե հաշվի առնենք, որ հենց այդ հանդիպման պահին քննարկվող հիմնական թեման Ծառուկյանի բրյուսելյան այցն ու դրա ընթացքում հնչած հայտարարություններն էին, դժվար չէ կռահել, թե ինչ կարող էր Լևոն Զուրաբյանն ասել Ռուսաստանի դեսպանին: Երեկ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հայտարարում էր, թե իրենց այցի նպատակներից մեկը ԲՀԿ-ի` ռուսական ուժ  լինելու մասին ստերեոտիպը կոտրելն էր, այսինքն` ցույց տալը, որ ԲՀԿ-ն նույնքան բաց է եվրոպացիների համար:

Բնականաբար, դա չէր կարող չմտահոգել Ռուսաստանին, ով համարվում է ԲՀԿ-ի աշխարհաքաղաքական հովանավորն, ուստի՝ նաև պահանջատերը: Ըստ ամենայնի, Լևոն Զուրաբյանը դեսպանի հետ հանդիպման ընթացքում փորձել է փարատել ռուսների մտահոգությունը և բացատրել, որ Օսկանյանի հայտարարությունն ու ընդհանրապես բրյուսելյան այցելությունը միայն քարոզչական, բացառապես քարոզչական նպատակ ունեին:

 

Տեսանյութեր

Լրահոս