Ադրբեջանի ԿԲ-ն՝ ընդդեմ օկուպացիայի
Ադրբեջանի Կենտրոնական բանկը երկրի առևտրային բանկերին հանձնարարել է դեկտեմբերի 10-ից դադարեցնել գործարար համագործակցությունը դրամական փոխանցումների «Արագ փոստ» «Быстрая почта» համակարգի հետ:
Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը պարզել է, որ այդ համակարգն «անօրինական գործունեություն է ծավալում Ադրբեջանի օկուպացված տարածքներում»: Դա պարզելը այնքան էլ դժվար չի եղել, եթե նկատի ունենանք, որ «Արագ փոստ» համակարգի էլեկտրոնային կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, այս ծառայությունը Ստեփանակերտում ունի սպասարկման 8 կետ, սպասարկման կետեր են գործում Շուշիում, Ասկերանում, Հադրութում և այլ վայրերում:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ադրբեջանի ԿԲ-ն նախկինում առևտրային բանկերին հրահանգել էր նույն պատճառաբանությամբ դադարեցնել համագործակցությունը «Золотая корона», «Privat Money», «Contact», «Migom», «Leader», «Moneygram», «Western Union» դրամական փոխանցումներ իրականացնող ընկերությունների հետ: