Սահմանների պաշտպանության աննկատ համակարգ են մշակել
Հայ մասնագետները մշակել են սահմանի պաշտպանության աննկատ համակարգ, որը հնարավորություն կտա պարզել սահմանին մոտեցող ռազմական տեխնիկան: Այն կարող է գրանցել անգամ սահմանին մոտեցող մարդու քայլերը:
Այդ ամենը հնարավոր է դարձել պարզել շատ զգայուն սենսորների միջոցով: Համակարգի մշակման հեղինակները Ճշգրիտ տվիչներ-սարքավորումներ մշակող և արտադրող PSI ընկերության մի խումբ մասնագետներ են:
Ընկերության հիմնադիրներից, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Վարդան Գևորգյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս ուղղությամբ աշխատանքներ իրենք սկսվել էին դեռևս 4 տարի առաջ, և տարիների ընթացքում համակարգն ավելի է կատարելագործվել:
«Ժամանակի ընթացքում մեր համակարգն ավելի զգայուն է դարձել և կատարելագործվել է, ինչի արդյունքում հնարավոր է դարձել առավել մեծ հեռավորության վրա գրանցել մոտեցող օբյեկտը»,- ասաց Վ. Գևորգյանը՝ նշելով, որ իրենց մշակումն արդեն մի քանի անգամ փորձարկվել է:
«Ստեղծված համակարգի փորձարկումների արդյունքում լուրջ ցուցանիշներ են գրանցվել»,- ասաց Վ. Գևորգյանը՝ նշելով, որ սենսորների զգայությունը տարբեր է՝ կախված հողային մակերևույթից:
Ըստ մեր զրուցակցի՝ սահմանի պաշտպանության աննկատ համակարգի կիրառության մասով ներկայումս բանակցություններ են ընթանում ՀՀ Պաշտպանության նախարարության հետ: