Գագիկ Ծառուկյանը Բրյուսելում խոսել է նաև արտագաղթի աննախադեպ աճի մասին

«Դեկտեմբերի 4-ից 6-ը տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բելգիայի մայրաքաղաք՝ Բրյուսել։ Այցի շրջանակներում պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ: Հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:

Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն Բրյուսելում է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից է:

Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են նաև Հայաստանում առաջիկա թիվ մեկ քաղաքական իրադարձության՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Ծանոթ լինելով ԲՀԿ գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝ Եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը: Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է այցելել Հայաստան, որտեղ կարող են առավել հանգամանորեն քննարկել առաջիկա գործակցության հեռանկարները:

Կարդացեք նաև

Նույն օրը ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպել են նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են ինչպես խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական խնդիրները։ Չի շրջանցվել նաև առաջիկա նախագահական ընտրություններն թեման։ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման օգտին:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների ընթացքում երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացին:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ եվրոպական խորհրդարանի պատգամավորները ևս դիտորդական առաքելություն են իրականացնելու առաջիկա ընտրություններում՝ ամենայն ուշադրությամբ հետևելով ներքաղաքական զարգացումներին:

ԲՀԿ նախագահի գլխավորությամբ հերթական հանդիպումն արդեն Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ է կայացել, որտեղ քննարկվել են կուսակցությունների միջև առավել սերտ համագործակցության հեռանկարները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հանդիպել արդեն առավել գործնական և կոնկրետ քայլեր ձեռնարկելու նպատակով: Նույն օրը կայացել է նաև ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հանդիպումը Եվրոպական խորհրդարանում սոցիալ-դեմոկրատների միության խմբակցության փոխնախագահ Լիբոր Ռուչեկի հետ:

Քննարկվել են եվրոպական ինտեգրման, առաջիկա նախագահական ընտրություններում Եվրոպական խոհրդարանի կողմից իրականացվող դիտորդական առաքելության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հետաքրքրությունների ոլորտում գտնվող բազմաթիվ այլ խնդիրներ:

Դեկտեմբերի 5-ի երեկոյան կայացել է հանդիպում Բելգիայի և հարակից պետությունների հայ համայնքների հեղինակավոր կառույցների ղեկավարների ու պատասխանատուների հետ: Ներկաները զրուցել են հայկական գաղթօջախներին ներկայումս առավել հուզող խնդիրների մասին՝ Հայաստանից արտագաղթողների աննախադեպ աճ, լեզվի, մշակույթի ու ավանդույթների պահպանության խնդիր ու ինքնության կորուստը վտանգող մի շարք այլ հարցերի, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցությունը որակական նոր մակարդակի վրա տեղափոխելու խնդիրներ:

Պաշտոնական այցի վերջին հանդիպումը Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ է կայացել:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման շրջանակներում Գագիկ Ծառուկյանը նախ ներկայացրել է այցի նպատակները՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն կարևորում է եվրոպական գործընկերների հետ անձնական շփումներն ու օրակարգային մի շարք հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը: ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև կուսակցության մոտեցումները Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացման ուղիների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ասոցիացման համաձայնագրի, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման գործընթացին:

Իր հերթին Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը խիստ անհրաժեշտ է, և այդ բարեփոխումների իրականացման համատեքստում կարևորվում է նաև ԲՀԿ դերակատարումը»:

«Բարգավաճ Հայաստան» կուսկացության նախագահի մամուլի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս