«Եթե Ծառուկյանը ընդդիմություն լիներ, վաղուց կհայտարարեր այդ մասին»
«Փաստորեն, իշխանական-օլիգարխիկ խմբերը՝ փայլուն իմանալով, որ երկրի ներսում որևէ լեգիտիմություն չունեն, իրենց համար վաղուց և կոնկրետ այս պահին ռազմավարություն են դարձրել արտաքին լեգիտիմության հարցը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` Բրյուսել կատարած այցի և ԲՀԿ տարածած հաղորդագրության մասին` ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Ըստ նրա` «արտաքին լեգիտիմության հարցը» երկու բևեռ ունի. «Դրանցից մեկը, պարզ է՝ այստեղ-այնտեղ հովանավորներ գտնելը և ճանաչում ստանալն է, երկրորդը, որն այս իրավիճակում շատ ավելի կարևոր է, փորձել դա օգտագործել իրենց ներքին «ռազբորկաներում»` հասարակության վրա ազդելու համար և փորձելով հասարակությանն ու տարբեր քաղաքական ուժերին համոզել, թե՝ «ես սենց կշիռ ունեմ»:
Ծառուկյանն էլ է այդ նույն բաներով զբաղված, Սերժ Սարգսյանն էլ: Սրա մեջ օգտագործում են նաև հասարակության մեջ խցկված օրիենտացիաների հարցը` ո՞վ է ռուսամետ, ո՞վ է արևմտամետ: Այդ հեքիաթներն են օգտագործում, թե՝ «տեսե´ք, Արևմուտքում էլ դաշնակիցներ ունեմ, Ռուսաստանում էլ»: Այսինքն` ինչ-որ վիրտուալ քաղաքականություն է»:
Անգամ իր բրյուսելյան հաղորդագրության մեջ բավական կոշտ, ընդդիմադիր բնույթ կրող արտահայտություններ անելուց հետո ինչո՞ւ Գ.Ծառուկյանը չի հայտարարում ընդդիմադիր լինելու մասին: 168.am-ի հարցին ի պատասխան` քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասաց. «Եթե նա ընդդիմություն լիներ, վաղուց կհայտարարեր այդ մասին: Ի տարբերություն մեզ` ինքը շատ լավ գիտի` ի՞նչ կարելի է անել և ի՞նչ չի կարելի անել: Իրենք ուրիշ խնդիրներ են լուծում հենց առաջին հերթին իրար մեջ: Մենք ի՞նչ իմանանք` իրենք ի՞նչ խնդիրներ են լուծում, այս ամենն ի՞նչ նպատակ ունի: Հասարակությունը չի կարող իմանալ, որովհետև դուրս է գտնվում դրանից»:
Քաղաքագետի կարծիքով` այսպիսի հայտարարությունները և հանդիպումները որևէ նշանակություն չունեն, քանի որ դրանք սկզբունքային, գաղափարական դիրքորոշումներ չեն. պարզապես «տակտիկա» է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-6-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում էր Բրյուսելում, որտեղ ԲՀԿ նախագահը հանդիպել է եվրոպացի մի քանի պաշտոնյաների հետ:
Իսկ դեկտեմբերի 5-ին ԲՀԿ-ն տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է, թե Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ «անկաշկանդ շփման» ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»: