Բրյուսելյան հայտարարությունը չպետք է հիմք ընդունել. ԲՀԿ-ական պատգամավոր

«Ես չեմ ցանկանա գնահատականներ տալ այդ կուսակցության գործունեությանը և նրանց կողմից հնչեցված հայտարարություններին: Վերջին հաշվով՝ ես պիտի փաստեմ, որ այդպիսի այցերը և այդ այցերի ընթացքում քննարկվող հարցերի շրջանակները ընդունված պրակտիկա են տարբեր երկրներում»,- 168.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակ,ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ բավական կոշտ գնահատական էր տվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի Բրյուսելում հնչեցրած «անկաշկանդ» հայտարարության մասին` այն որակելով ամոթալի:

Է.Շարմազանովը նաև, մեջբերելով եվրոպացի պաշտոնյաներին, նշել էր, թե նրանք իրականում Գագիկ Ծառուկյանին համարում են քաղաքական «թույլ գիտելիքներով գործիչ»:
Այս առնչությամբ Էլինար Վարդանյան մեզ հետ զրույցում նշեց, թե ԱԺ-ում ներկայացվածության առումով երկրորդ քաղաքական ուժի միջազգային այցը կարծես թե այդպիսի խուճապի չպետք է առաջացներ, որովհետև կուսակցության քաղաքական այցերը միջազգային կառույցներին ընդունված երևույթ է բոլոր երկրներում:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ՀՀԿ-ին զայրացրել է ոչ թե բուն այցը, այլ հայտարարւթյունը, մասնավորապես՝ կոռուպցիայի վերաբերյալ գնահատականները, Էլինար Վարդանյանն ասաց. «Ես որևէ կերպ կարձագանքեի, եթե երևէ մեկը կարողանար փաստել, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»:

Կարդացեք նաև

Հարցին, թե ինչո՞ւ է հիմա ԲՀԿ առաջնորդը որոշել խոսել կոռուպցիայի մասին, այն էլ եվրոպական պաշտոնայի մոտ, Էլինար Վարդանյանը պատասխանեց, թե եվրոպական ընտանիքի անդամ դառնալու համար երկիրը պետք է ոչ թե եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու իմիտացիա ստեղծի, այլ իրապես լինի հավատարիմ, և եթե այդ իմիտացիայի մասին բարձրաձայնվում է, ապա չպետք է նման բուռն կերպով արձագանքել:

ԲՀԿ ներկայացուցչից հետաքրքրվեցինք նաև, թե ԲՀԿ-ն վերջնականապես կայրի՞ կամուրջները ՀՀԿ-ի հետ, և արդյոք իրենք բացառո՞ւմ են ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը, ինչին ի պատասխան նա ասաց.

«Կամուրջներ այրելու վերաբերյալ հարցը կարծես թե պետք է ուղղվի Էդուարդ Շարմազանովին: Իսկ ԲՀԿ-ն իր դիրքորոշումն արդեն հայտնել է կոալցիա չկազմելով»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե եվրոպացի պաշտոնյանիները, մեղմ ասած, ոչ բարձր կարծիք ունեն ԲՀԿ-ի մասին, Էլինար Վարդանյանն ասաց. «Ինձ համար առաջին հերթին անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող են տեղեկություններ ունենալ այն մարդկիկ, ովքեր ներկա չեն եղել այդ հանդիպումներին: Այսինք` կարելի է տարբեր բաներ հորինել, բայց դրանք գոնե պետք է մի քիչ իրականությանը մոտ լինեն: Երկրորդ հայտարարությունը եղավ այն, որ եվրոպական որոշ պաշտոնյաներ հրաժարվել են հանդիպել պարոն Ծառուկյանի հետ: Եվրոպական պառլամենտի գրասենյակի ներկայացուցիչը ստիպված եղավ հերքել, որովհետև տարածված ինֆորմացիան չէր համապատասխանում իրականությանը»:

Խոսելով Գագիկ Ծառուկյանի ԱՄՆ կատարելիք հնարավոր այցի մասին, Էլինար Վարդանյանն ասաց, որ այցի վերաբերյալ դեռևս բանակցություններ են տարվում և եթե որոշվի՝ երբ և ինչ ձևաչափով է լինելու այցը, անպայման հասարակությանը տեղյակ կպահվի:

«Գագիկ Ծառուկյանն այս պահին Հայաստանի Հանրապետությունում է»,- ասել է նա՝ հերքելով մամուլում տեղ գտած լուրերը, թե Ծառուկյանը Բրյուսելից մեկնել է ԱՄՆ:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի` հաջորդ շաբաթվա վերջում հանրությունը կտեղեկանա նաև Գագիկ Ծառուկյանի որոշման մասին, իսկ բրյուսելյան հայտարարությունը չպետք է հիմք ընդունել:

«Նախագահի թեկնածություն առաջադրելու վերաբերյալ հայտարարությունը պետք է լինի հրապարակային, և որևէ մեսիջներ չպետք է փնտրել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս