Ծառուկյանը չի առաջադրվելու. Լեռնիկ Ալեքսանյան

Այսօրվա դրությամբ գործող նախագահին այլընտրանք չկա: Բայց չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերի ճիշտ գործողությունների դեպքում՝ այլընտրանք առաջանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:

«Եթե այսօր լինեն ընտրություններ, այո, ՀՀԿ-ն իր քաղաքական հնարավորությամբ, թեկնածուի անձով պայմանավորված, մրցակից չի ունենա: Բայց չի բացառվում, որ ընդդիմության ճիշտ գործողությունների դեպքում մրցակից առաջանա: Մեր թեկնածուն, մեր ուժերը մեզ այսօր թույլ են տալիս հայտարարելու, որ գործող նախագահին այլընտրանք չկա»,- նշեց Լ. Ալեքսանյանը:

Վերջինս բացառում է, որ ընդդիմադիր բոլոր ուժերը միավորվեն ու հանդես գան միասնական թեկնածուով, որովհետև, ըստ նրա, չկա միասնական այն թեկնածուն, այն հենքը, որը կմիավորի ընդդիմադիր թևին:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանին մրցակից չեք համարո՞ւմ, ՀՀԿ անդամը պատասխանեց, թե խնդիրը Ծառուկյանի անձը չէ, այլ այն քաղաքական ուժերը, որոնք կսատարեն նրան:

Կարդացեք նաև

«Եթե ամբողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը, քաղաքացիական հասարակությունը սատարի Ծառուկյանին, հնարավոր է՝ նա դառնա մրցակից գործող նախագահին»,- մասնավորեցրեց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությանը, ապա Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ քաղաքական ուժերը միասնական թեկնածուով հանդես գալու պատասխանատվություն չեն վերցնի իրենց վրա: Նրա կարծիքով՝ նրանք  ճանապարհ կհարթեն երկրորդ փուլի ստեղծման համար, որի դեպքում կաջակցեն որևէ ընդդիմադիր թեկնածուի:

Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ, ԲՀԿ առաջնորդը երբեք չի դնի իր թեկնածությունը: «Այո նա ռեսուրս, խարիզմա ունի այն ժամանակ, երբ քաղաքական դաշտում է, բայց որպես նախագահի թեկնածու նա՝ ինքը, համոզված եմ՝ չի առաջադրվի: Պատասխանատու հայտարարություն եմ անում, բայց ես համոզված եմ»,- ասաց Լ. Ալեքսանյանը:

Լրագրողների հարցին՝ համոզվա՞ծ եք, թե ՞ նման ինֆորմացիա ունեք, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Ինֆորմացիա իրանք չունեն անգամ»:

Ի պատասխան այն հարցին, թե միասնական թեկնածուի դեպքում ընդդիմությունը կկարողանա՞ իշխանությանը երկրորդ փուլ պարտադրել, Լեռնիկ Ալեքսանյանը շեշտեց, որ երկրորդր փուլը կախված չէ միայն ՀՀԿ-ից:

Տեսանյութեր

Լրահոս