Բաժիններ՝

«Ամպեց, կորավ» երգն այսուհետ Քրիստինե Պեպելյանը կկատարի՝ ի հիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի (տեսանյութ)

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն այսուհետ «Ամպեց, կորավ» երգը կկատարի՝ ի հիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:

«Այն ժամանակ, երբ այդ երգը կատարում էի տիկին Ֆլորայի հետ, պետք է որ առավել լարված լինեի, առավել պարտավորված, բայց ես շատ հանգիստ էի: Միայն այն միտքը, որ Ֆլորա Մարտիրոսյանն իմ կողքին կանգնած է` ինձ ուժ ու վստահություն էր տալիս: Ես խոստանում եմ, որ ամեն անգամ այդ երգը կատարելիս՝ այն նվիրելու եմ Ֆլորա Մարտիրոսյանի անմար հիշատակին:

Գիտեմ, որ ես կամ իմ կատարումը չէ, որ պետք է հանրության սրտում վառ պահի մեծ արվեստագետի հիշատակը, բայց ամեն բան կանեմ, որ երգը հնչի այնպես, ինչպես մեր միասին կատարած ժամանակ»,- մեզ հետ զրույցում ասաց Քրիստինե Պեպելյանը: Քրիստինեի խոսքով, Ֆլորա Մարտիրոսյանն իր համար ուսուցիչ է եղել, ում ընկերությունը շատ թանկ է եղել իր համար:

«Ես միշտ հպարտացել եմ, որ երգում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հետ, նրա երգը, նրա կողքին բեմում կանգնած եմ: Ինձ հաճելի էին անգամ նրա դիտողությունները, խստությունը, պահանջկոտությունը: Ես հույս ունեմ և հավատում եմ, որ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակը բոլորիս սրտերում միշտ վառ կմնա: Նա անուն էր, նա ձայն էր, ով սթափեցնում, հուսադրում և շոյում էր հանրությանը»,- ասաց Քրիստինե Պեպելյանը:

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Այսօր ԱՄՆ-ում տեղի է ունենալու երգչուհու հոգեհանգստի արարողությունը, իսկ դեկտեմբերի 10-ին երգչուհու դին կտեղափոխվի Հայաստան:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանում Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության ժամանակ Ռուսաստանում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ երգչուհու:

http://youtu.be/sc9jfTaQCfM

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս