Հակասահմանադրական օրենսդրական փոփոխություններ
Այսօր ԱԺ-ում քննարկվում էին մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց նպատակը, ըստ ԱԺ գործարար պատգամավորների՝ հարկային վերահսկողության ուժեղացումն է տնտեսվարողների նկատմամբ:
Օրինակ, «Լիցենզավորման մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություններ իրականացնել, ըստ որի՝ սպիրտային խմիչքներ արտադրող ընկերություններն իրավունք չեն ունենա այլ ապրանքներ արտադրել կամ ներմուծել, որպեսզի հնարավոր լինի վերահսկել դրանց շրջանառությունը:
ԱԺ որոշ պատգամավորներին պատկանող ընկերությունների մի մասը զբաղվում է նաև սպիրտային խմիչքների արտադրությամբ, բայց արտադրում է այլ ապրանքներ ևս: Օրինակ, Երևանի գարեջրի գործարանն արտադրում է լիմոնադներ, կամ ՄԱՊ ընկերությունը, բացի կոնյակից և գինիներից՝ ունի պահածոների արտադրություն: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ով կառավարության անունից ներկայացնում էր այս փոփոխությունները, ասում է, որ այն ընկերությունները, որոնք սպիրտային խմիչքների հետ արտադրում կամ ներմուծում են այլ ապրանքներ, պետք է դա իրականացնեն տարբեր ընկերությունների միջոցով, այսինքն՝ սեփականատերերը պետք է նոր ընկերություն բացեն, որը կզբաղվի ոչ սպիրտային ապրանքատեսակների արտադրությամբ կամ ներմուծմամբ:
Պատգամավորները նման մոտեցումը համարում են հակասահմանադրական՝ հղում անելով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածին, որտեղ ասվում է՝ «Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը»:
Ըստ պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ այս փոփոխությամբ սահմանվում է տնտեսական գործունեության ազատությունը, և այս փոփոխությունը հակասահմանադրական է: ԱԺ պատգամավոր, Երևանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ, եթե կառավարությունը չիրականացնի այն փոփոխությունները, որոնք իրենք են առաջարկում, ապա ինքը դեմ կքվեարկի այս օրինագծին:
Նշենք, որ հիշյալ և այլ փոփոխություններն իրականացնելու նպատակով կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 17-ին արտահերթ նստաշրջան հրավիրել:
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ կառավարությունը որոշել է ուժեղացնել հարկային վարչարարությունը, վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնել, որովհետև լուրջ դժվարություններ կան հարկերի հավաքագրման առումով, և դրանք ուղղված են ավելի շատ հարկ հավաքելուն: