Վարչապետը՝ բյուջեի նախագծի, Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման և իր գլխավորած կառավարության վախճանի մասին
Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով 2013թ. պետական բյուջեի նախագծին ուղղված պատգամավորների առաջարկներին` ասաց. «Այդ առաջարկների մեջ կային այնպիսի առաջարկներ, որոնք համահունչ էին կառավարության պատկերացումների հետ, թե ինչպես պետք է Հայաստանի հանրապետությունում իրականացնել բարեփոխումներ, ինչ հերթականությամբ: Կային նաև առաջարկություններ, որոնց ընդհանուր ուղղվածությանը համաձայն ենք, բայց լուծումները, որոնք առաջարկում էին, մեր կարծիքով` այդ լուծումները դեռևս լրացուցիչ քննարկման կարիք ունեին:
Եվ 100-ից ավելի առաջարկություններ մերժվել էին այն պարզ պատճառով, որ պատգամավորներն առաջարկում էին նոր դպրոցներ ներառել ծրագրի մեջ, ճանապարհներ, սոցիալական օբյեկտներ, որոնք, իհարկե, կարիք ունեն ֆինանսավորման, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով` մենք այդ առաջարկությունները մերժել էինք»:
Իսկ հարցին, թե մտահոգի՞չ չէ, որ միայն կոալիցիոն ուժերը պաշտպանեցին պետական բյուջեի նախագիծը, հատկապես երբ ԲՀԿ ներակայացուցիչների կողմից կարծիքներ հնչեցին, թե կառավարությունը հատուկ է նման նախագիծ ներկայացրել, որպեսզի ժողովուրդը գնա երկրից, Տ. Սարգսյանը պատասխանեց.
«Իհարկե, ցանկացած հարցադրում կարելի է հասցնել աբսուրդի: Ես համարում եմ, որ շատ տրամաբանական է, որ ընդդիմությունը բյուջեին դեմ է քվեարկում, իսկ կոալիցիան, որը ձևավորել է կառավարությունը` կողմ է քվեարկում, և դա հենց դասական քաղաքական պայքարի կանոն է: Այդտեղ որևիցե արտառոց բան ես չեմ տեսնում:
Անտրաբանական կլիներ և քաղաքական սենսացիա կլիներ, եթե ընդդիմությունը գովաբաներ պետական բյուջեի նախագիծը և կողմ քվեարկեր: Էդ դեպքում ձեզ մոտ կարող է հարց առաջանար, թե էս ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի հանրապետությունում: Բայց եթե ընդդիմությունը դեմ է արտահայտվում իշխանության կողմից ներկայացված փաստաթղթին, որի շուրջ էլ, ըստ էության, ձևավորվում է միասնություն, կոալիցիա, ես դա շատ տրամաբանական եմ համարում»:
Հարցին, թե արդյոք դա նշանակո»՞ւմ է, որ Դուք ԲՀԿ-ին ընդդիմություն եք համարում, Տ. Սարգսյանը պատասխանեց.
««Բարգավաճ Հայաստանը» ինքն է որոշում, թե ինչ կարգավիճակով է այս պահին հանդես գալիս, և դրա մասին հստակ գրված է Ազգային ժողովի կանոնակարգում: Ես «Բարգավաճի» մասին որևիցե արտահայտություն չարեցի»:
Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՞ նախագահական ընտրություններում, և ինչո՞ւ է ուշանում ԲՀԿ-ի որոշումը, վարչապետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի այս հարցերով դիմել ԲՀԿ-ին, ոչ թե ինձ»:
Հարցին էլ, թե Գ. Ծառուկյանի առաջադրվելու դեպքում կարելի՞ ասել, որ եկել է Ձեր կառավարության վախճանը, Տ.Սարգսյանը պատասխանեց. «Համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ»: