Սերժ Սարգսյանի ամենամեծ խաղադրույքը

Անցած շաբաթ Երևանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կարող են բեկումնային, բախտորոշ նշանակություն ունենալ Հայաստանի համար: Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարը, որին մասնակցում էին ոչ միայն մի քանի երկրների նախագահներ, այլև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Խոսքը, բնականաբար, ոչ թե նրանց մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումների արարողակարգային հատվածի, այլ այդ միջոցառման շարժառիթների, Երևանում հնչած հայտարարությունների ուղերձների մասին է: Եթե հակիրճ ներկայացնենք, Երևանում եվրոպացիները հերթական, բայց, թերևս, ավելի հիմնավոր կերպով մեզ տեղեկացրեցին, որ պատրաստ են համակողմանի աջակցություն տրամադրել Հայաստանին` ընդհուպ մինչև Եվրամիության ասոցիացված անդամի կարգավիճակին համարժեք աջակցությունը:

Բայց կարևորը ոչ այնքան այդ աջակցության ծավալն ու ընթացակարգն է, որքան այն ընտրությունը, որի առջև հիմա կանգնած է Հայաստանը: Խոսքն առաջին հերթին՝ քաղաքակրթական, մշակութային, արժեքային համակարգերի միջև ընտրության մասին է: Հայաստանին ներկայումս առաջարկվում է մաս կազմել եվրոպական քաղաքակրթությանը կամ դառնալ ռուսական քաղաքակրթական համակարգը սպասարկող միավոր` անդամագրվելով Եվրասիական միությանը: Այդ մասին պաշտոնապես, բնականաբար, չի հայտարարվում, բայց բոլոր դիվանագիտական ձևակերպումների տակ թաքնված է հենց այդ երկընտրանքը: Հայաստանի գործող իշխանությունը, նախագահ Սերժ Սարգսյանը՝ գոնե պաշտոնական, հրապարակային մակարդակում, ցույց է տալիս, որ այդ երկընտրանքում ընտրել է եվրոպական ուղղությունը:

Թե որքանո՞վ է նա անկեղծ, որքանո՞վ է դա հնարավոր ներկայիս կոռումպացված, կիսաքրեական իշխանության պայմաններում, այլ հարց է: Ինչպես և այն, որ գուցե Սերժ Սարգսյանը եվրաինտեգրացիան ընտրել է ոչ թե Հայաստանի զարգացման, այլ սեփական իշխանությունը պահպանելու մղումներով: Անկախ նրա դրդապատճառներից, հասարակության`գոնե առողջ մտածող հատվածի համար ակնհայտ է, որ այդ ճանապարհը եզակի հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար: Հնարավորություն է՝ դուրս գալու ռուսական ֆորպոստի կարգավիճակից, ինտեգրվելու ժամանակակից քաղաքակրթությանը` այդ դիրքերից նույն Ռուսաստանի հետ արժանապատիվ ու իրավահավասար հարաբերություններ կառուցելու հեռանկարով:

Բայց այսօրվա Հայաստանի հանրային-քաղաքական համակարգի, մտածողության առանձնահատկություններից մեկն այն է, որ այդ մասին բարձրաձայնումներն անմիջապես կարող են որակվել՝ որպես իշխանությանը ծախվածություն, որպես Սերժ Սարգսյանին ծառայելու պատրաստակամություն, և այլն: Աբսուրդն այն է, որ անգամ իրապես ազատական մտածողություն ունեցողները, եվրոպական արժեքահամակարգին իրենց նվիրվածության մասին տարիներ շարունակ հայտարարողներն այսօր խուսափում են, վախենում են խոսել Հայաստանի համար ստեղծված այս հնարավորության մասին, քանի որ դա կարող է գնահատվել՝ որպես Սերժ Սարգսյանին  ծառայելու դավաճանական քայլ:

Հայաստանում, բարեբախտաբար, բոլոր ժամանակներում եղել են ու կան կրթված, լուսավորյալ մարդիկ: Բայց, դժբախտաբար, այդ մարդկանց մեծամասնությունը ավելի հեշտությամբ տրվում է կոնյունկտուրային, քան հավատարիմ է մնում իր գաղափարներին ու տեսլականներին: Ու նաև այդ պատճառով, շատ-շատերը, ովքեր անվերջ խոսում են եվրաինտեգրացիայի, եվրոպական, համամարդկային արժեքների մասին, որոշումներ կայացնելու պահին նետվում են ռուսական ճահիճը, քանի որ ռուսական ճահիճն ավելի հարմարավետ է, և, բացի այդ, այդ նույն ճահճում են նրանք, ովքեր կարող են այս կամ այն կերպ որակել թեկուզ այն դիրքորոշումը, որը կոնյունկտուրային կտրվածքով գուցե բխում է նաև Սերժ Սարգսյանի շահերից:

Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ եթե անգամ կարճաժամկետ կտրվածքով եվրաինտեգրացիան կարող է սպասարկել Սերժ Սարգսյանի իշխանության շահերը, փոքր-ինչ ավելի երկարաժամկետ կտրվածքով այն կարող է դառնալ նույն Սերժ Սարգսյանի թշնամին: Քանի որ Եվրոպային իրապես ինտեգրված Հայաստանում անգամ ոչ երկարաժամկետ հեռանկարում չի կարող երկար գոյատևել այն իշխանությունը, որը հիմնված է ներկայիս դեգրադացված քաղաքական ու իշխանական համակարգի վրա:
Լայն  իմաստով, առաջիկա նախագահական ընտրությունները պայքար են երկու արժեքային համակարգերի միջև` ռուսական ճահճի և եվրոպական, թեկուզ՝ ոչ կատարյալ, բայց քաղաքակրթական համակարգի միջև:

Հայաստանի դժբախտությունն  այն է, որ իրադարձությունների ու հանգամանքների բերումով՝ եվրոպական ուղղությունը, շատ հարաբերականորեն, այսօր ներկայացնում է Սերժ Սարգսյանը, ով իրականում սերում է նույն արժեքային, քաղաքակրթական համակարգից, որը պայքարում է ռուսական ճահճի պահպանման համար: Բայց դա իրողություն է, ցավալի իրողություն՝ այն առումով, որ ներկայումս չկա որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական գործիչ, ով առանց պայմանականությունների՝ ներկայացնում է Հայաստանը ռուսական ազդեցությունից փրկելու իրական գաղափարախոսություն ու ծրագիր:

Առաջիկա նախագահական ընտրություններում այս կամ այն թեկնածուի առաջադրվել-չառաջադրվելու հարցը պետք է դիտարկել հենց վերը նշված տրամաբանության շրջանակներում: Իսկ այդ տրամաբանությունից բխում է, որ պետք է ռուսական կողմնորոշումը բացահայտ և թաքնված արտահայտող բոլոր հնարավոր թեկնածուները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, առաջադրվեն առանձին-առանձին, կամ հանդես գան միասնական`ռուսական վեկտորը ներկայացնող թեկնածուով: Դա է պահանջում ներկայիս քաղաքական խաղը, որը ոչ միայն ու ոչ այնքան՝ ներքին, որքան՝ աշխարհաքաղաքական խաղ է: Խաղ, որում Հայաստանը կարող է կամ ստանալ ինքնիշխան պետություն դառնալու հնարավորություն, կամ պարտվել վերջնականապես:

Հ. Գ. Ներկայիս իրավիճակի առանձնահատկություններից ու վտանգներից մեկն այն է, որ դեռևս «եվրոպամետ» դիրքերից հանդես եկող Սերժ Սարգսյանը կարող է վերջին պահին փոխել իր կողմնորոշումը և ինքը դառնալ ամենառուսական թեկնածուն: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ռուսներն անցնեն կոշտ մեթոդների և վերջին պահին «կերտեն» այնպիսի թեկնածու, որի հաղթանակը կապահովեն իրենք: Այդ դեպքում Ս. Սարգսյանը պարզապես կարող է ստանձնել բոլոր այն պարտավորությունները, որոնք անհրաժեշտ կլինեն ռուսներին: Իսկ դա Ս. Սարգսյանը կարող է անել ցանկացած պահի` հայտարարելով, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրասիական միությանը, և ստորագրելով որևէ նախափաստաթուղթ:

 

Տեսանյութեր

Լրահոս