Ըստ տուժողի՝ մատուցողն իր ներկայությամբ հայհոյել ու հարվածել է Վահե Ավետյանին
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Ցուցունք տվեց գործով հաջորդ տուժող Արկադի Աղաջանյանը: Նա դատարանում ասաց, որ ճանաչում է բոլոր մեղադրյաներին, նրանց տեսել է դեպքի օրը:
Ըստ տուժողի՝ հունիսի 17-ին, ժամը մոտավորապես 12:30-ի սահմաններում Վահեն զանգել է իրեն և ասել, որ գնան իր ծննդյան տոնը նշելու, որոշել են ծնունդը նշել Արզնու ձորում: Գնումներ են արել, Դիանա անունով մի կին է մոտեցել իրենց, որին իրենց հետ տարել են Արզնու ձոր:
«Հարսնաքար» ռեստորանային համալիր գնացել են՝ շարունակելու իրենց ուրախությունը: Արկադի Աղաջանյանն, ըստ իր ցուցմունքի, կանգնեցրել է մեքենան, Վահեն ետ է եկել ու ասել, որ գնան հագուստը փոխելու: Ետ վերադառնալու ճանապարհին Վահեն ասել է, որ համազգեստով չի կարելի, ինքն առաջարկել է չգնալ ռեստորանային համալիր, սակայն Վահեն ասել է, որ ինքն արդեն պայմանավորված է երգիչ Դավիթի հետ, և անհարմար կլինի չվերադառնալ «Հարսանքար» ռեստորանային համալիր:
Այնուհետև, ըստ տուժողի, Վահեի և մատուցողի միջև խոսակցություն է սկսվել, որից հետո նրանք դուրս են եկել: Մատուցողը Արկադի Աղաջանյանի ներկայությամբ հայհոյել ու հարվածել է Վահեին: Դրանից հետո քայլել են դեպի ավտոկայանատեղի, որտեղ էլ սկսվել է ծեծկռտուքը: Ծեծկռտուքի ավարտից հետո Վահե Ավետյանին տեղափոխել են հոսպիտալ, որտեղ օրեր անց Վահե Ավետյանը մահացել է:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբեի 7-ին: