Դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանը հաղորդել է, թե գլխուղեղի ցնցո՞ւմ է ստացել տանը. ՀՀ ոստիկանություն

Դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանը հաղորդել է, թե գլխուղեղի ցնցումը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

«Դեկտեմբերի 1-ին թիվ մեկ համալսարանական հիվանդանոցից ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ ուղեղի ցնցոմով իրենց մոտ է տեղափոխվել 1984 թվականի Էջմիածին քաղաքի բնակիչ Սերգեյ Գրիգորյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին Սերգեյ Գրիգորյանը բացատրություն է տվել, որ գլխուղեղի ցնցում է ստացել տանը՝ երեք օր առաջ, երբ վայր ընկնել»,- հայտնեց Ա. Մալխասյանը՝ հավելելով, որ նման բացատրություն է տվել նաև այդ պահին հիվանդանոցում գտնվողի դերասանի մայրը:

Ա. Մալխասյանը տեղեկացրեց, որ նյութերը տարածքային կարգով Ոստիկանության կենտրոնական բաժնից ուղարկվել են Վաղարշապատի բաժին: Հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ Էրեբունի վարչական շրջանի շենքի հարակից բենզալցակայանում, որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին, դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը՝ հենց նույն Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս