Մհեր Սեդրակյանի թիկնապահները ծեծե՞լ են դերասան Սերգեյ Գրիգորյանին ու նրա եղբորը

Քիչ առաջ ԱԺ-ում սկսեցին լուրեր տարածել, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահները ծեծի են ենթարկել դերասան Սերգեյ Գրիգորյանին և նրա եղբորը: Այսօր առավոտյան Մհեր Սեդրակյանն ԱԺ-ում էր, սակայն այս լուրերը շրջանառվելուն պես, Մհեր Սեդրակյանին այլևս ԱԺ-ում հնարավոր չէ տեսնել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ  դեպքին, ասաց, թե դա պրովոկացիոն հայտարարություն է, ապա ավելացրեց, որ պատկան մարմինները պետք է զբաղվեն այդ գործով:
«Ես նման տեղեկատվություն չունեմ, երբ կունենամ, իսկ չեմ էլ ունենա, որովհետև եթե դա արտառոց բան լիներ, անպայման կիմանայի»,- ասաց Գ. Սահակյանը:
168.am-ի հիշեցմանը, թե ծեծի հետևանքով Ս. Գրիգորյանը կորցրել է լսողությունը, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Հա բայց դուք ասում եք, դուք էլ մեկնաբանեք ձեր լսածը: Ես պիտի՞ մեկնաբանեմ: Եթե նման բան է եղել, մեր կողմից միշտ էլ դատապարտելի են նման երևույթները»:
Մեր հաջորդ հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն պատժելո՞ւ է Մ. Սեդրակյանին, Գ. Սահակյանը պատասխանեց. «Այսինքն՝ դուք մտածում եք, թե կուսակցությունը պիտի պատժի, փակենք մի հատ սենյակում, ասենք, որ մեր կուսակի՞ցն է: Դրա համար լիազոր մարմիններ կան, դրա համար հատուկ ծառայություններ կան, եթե նման իրողություն կա, բնականաբար, կհետաքրքրվեն կամ կվերլուծեն համապատասխան մարմինները:
Իսկ նման երևույթները դատապարտելի են մեզ համար՝ անկախ նրանից, դա կապ ունի՞ մեզ հետ, թե՞ որևէ ուրիշի»:
Նրա խոսքով՝ եթե իրենք պարզեն, որ նման երևույթ կա, ապա խստորեն կպատժեն: Մեր հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նախադեպը կրկնվի, այսինքն՝ Մ. Սեդրակյանը նույնպես հրաժարվի իր պատգամավորական մանդատից, Գ. Սահակյանը պատասխանեց.
«Ռուբեն Հայրապետյանը շատ սխալ արեց, որ մանդատը վայր դրեց, և դրան արդեն հաջորդեց քաղաքական ցինիզմը: Այնպես որ՝ մի մտածեք, որ մենք մեղադրում ենք Ռուբեն Հայրապետյանին»:
Հիշեցնենք, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը Tert.am–ին հայտնել է, որ իրենց թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը և նրա եղբայրը ծեծի են ենթարկվել Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, ինչի արդյունքում դերասանը հաջորդ օրն ունեցել է լսողության կորուստ, որը, սակայն, հաջորդ օրերին սկսել է վերականգնվել: Այս մասին
«Ուղեղի ցնցում նրա մոտ չէր ախտորոշվել, սակայն բժիշկները հայտնաբերել էին հեմոտոմա, որը, ըստ բժիշկների, կցրվի»,- ասել է նա։
Ֆրեդերիկ Դավթյանի խոսքով՝ դերասանը, ծեծի օրը նշանակված ներկայացում ունենալով, ուշադրություն չի դարձրել և մասնակցել է ներկայացմանը, սակայն դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է՝ գլխացավ, սրտխառնոց և այլ երևույթներ:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը՝ ի պատասխան հարցին, թե խոսե՞լ են Սերգեյ Գրիգորյանի հետ և նա միջադեպի հետ կապված ի՞նչ մանրամասներ է պատմել, ասել է. «Ничего не помнит: Նա ոչինչ չի հիշում»:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ սույն բենզալցակայանը պատկանում ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր):

Ոստիկանությունից այս պահին միջադեպի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում:

Տեսանյութեր

Լրահոս