Նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին խոսելը դեռ վաղ է
Դեկտեմբերի 2-ին թիվ 1 և 35 ընտրատարածքներում կայացած ԱԺ լրացուցիչ ընտրություններից հիասթափվելով՝ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ու Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարեցին, որ հրաժարվում են առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Արամ Կարապետյանն առհասարակ գտնում է, որ ճիշտը նախագահական ընտրությունները բոյկոտելն ե:
168.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ «Ժառանգությունն» էլ բոյկոտի նախագահական ընտրությունները:
«Դեռ վաղ է խոսել ընտրությունները բոյկոտելու մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջադրվելու է, ուստի այս պահին ես դրական չեմ պատասխանի ձեր հնչեցրած հարցին: Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մասնակցի: Համենայնդեպս՝ այլ որոշում այս պահին մենք չունենք»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրություններում «պարտված» իրենց կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը դիմելու է Սահմանադրական դատարան, անհրաժեշտության դեպքում՝ նաև Եվրոպական դատարան:
«Կարծում եմ՝ Եվրոպական դատարանում, միանշանակ, արդյունքը դրական կլինի, որովհետև խախտվել են մի շարք ընթացակարգեր, իսկ Սահմանադրական դատարանում չեմ կարող ասել, ինչ վերաբերմունք կցուցաբերվի նրանց կողմից»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: