«Ցանկանում եմ, որ քրեական պատասխանատվության ենթարկվի մեղավորը». «Հարսնաքարի գործով» տուժող
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի գործով» դատավարությունը: Գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանն այժմ հարցեր է ուղղում գործով տուժող Էդգար Նիկոյանին:
«Տեսե՞լ եք կոնկրետ անձանց, ովքեր չեն հարվածել, բայց նրանց մասին միտումնավոր չեք հայտնել»՝ հարցին, տուժողը պատասխանեց՝ ոչ:
Պաշտպանը նշեց, որ իր ցուցմունքում տուժող Էդգար Նիկոյանը ասել էր, որ ծեծի ընթացքում ինքն ամեն ինչ տեսել է ոտքերի մակարդակով: «Կարո՞ղ եք ասել, թե որ ոտքով ում՝ ինչ մարնամական վնասվածք հասցվել և ում է այդ ոտքը պատկանել»՝ հարցին, տուժողը պատասխանեց, որ չի կարող ասել:
Լալայանի հարցը՝ «Արդյոք Ձեր ցուցմունքները պայմանավորվա՞ծ են թշնամանքով, որ Դուք ցանկանում եք, որ ամբասանյալները պատժվեն», դատարանի կողմից հանվեց:
Տուժողը նաև նշեց, որ իրեն որևէ մեկը չի ուղղորդել ցուցմունք տալու ժամանակ:
«Դուք ցանկանո՞ւմ եք, որ Արման Խաչատրյան ենթարկվի քրեկան պատասխանատվության»՝ հարցին, տուժողը պատասխանեց, որ ցանկանում է, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվի մեղավորը: Իսկ հարցին՝ արդյոք ինքը գիտի՞՝ ովքեր են մեղավորները, տուժողը պատասխանեց՝ ո´չ:
Սրանով ավարտվեց տուժող Էդգար Նիկոյանի հարցաքննությունը:
Նկատի ունենալով՝ նախաքննական և դատաքննական ընթացքում տուժողի ցուցմունքներում առկա հակասությունները, Լալայանը դատարանին միջնորդեց հրապարակել նախաքննության ժամանակ իր պաշտպանյալի անձի ճանաչման և առերեսման արձանագրությունները:
Ըստ պաշտպանի՝ Էդգար Նիկոյանը դատավարության ընթացքում նշել է, որ կոնկրետ Արման Խաչատրյանին ավտոկայանատեղում է տեսել, չի տեսել նրան որևէ մեկին հարվածելիս: Նախաքննության ընթացքում տուժողն, ըստ պաշտպանի, ասել է, որ Արման Խաչատրյանը հանգիստ կանգնած է եղել, նրա ընկերները ծեծել են իր ընկերներին: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը:
Մեղադրող Արթուր Դավթյանը նշեց, որ ճանաչման արձանագրությունը չի կարող դիտվել որպես նախաքննական ցուցմունք, հետևաբար այն չի կարող հրապարակվել:
Դատարանը գտավ, որ կա որոշակի տարբերություն տուժողի՝ դատարանում ու առերեսման ժամանակ հայտնած տեղեկությունների մեջ: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Այժմ դատարանում հայտարարված է ընդմիջում, դրա ավարտից հետո կհրապարակվեն ճանաչման և առերեսման արձանագրությունները: