Զինվորը Մեղրիի X զորամասից վնասվածքով տեղափոխվում է Երևանի հոսպիտալ
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում, Մեղրի քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ X զորամասից Երևան քաղաքի ՀՀ ՊՆ հոսպիտալ են տեղափոխում զինվոր՝ 18-ամյա Էրիկ Համբարձումյանին, որը երկիկամի հատվածում ստացել է մարմնական վնասվածք: Վերջինս բանակ է զորակոչվել 5 ամիս առաջ՝ Երևանի Մաշտոցի զինվորական կոմիսարիատի կողմից:
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով, ֆոտոլրագրողը զրուցել է Էրիկ Համբարձումյանի քրոջ՝ Լիլիթի հետ: Նա հայտնել է, որ իրենք նույնպես տեղյակ են, որ երեխային տեղափոխում են հոսպիտալ, սակայն ինչ հանգամանքներում է երեխան վնասվածք ստացել՝ հարազատների համար այս պահին անհայտ է: Նրանք կասկածում են, որ իրենց զինվոր որդին ենթարկվել է բռնության: